Յուրաքանչյուրի պատասխանատվության սահմանը իր արժեքային համակարգն է, հոգատարությունը դիմացինի համար ու սեփական կարգավիճակի գիտակցումը։ Դե իհարկե նաեւ ադեկվատությունը, պրոֆեսիոնալիզմը եւ որ ամենակարեւորն է՝ ինքնասիրահարվածության բացակայությունը։ Կարծում եմ՝ առանց ինձ էլ գիտեք թվարկածներիցս, որը ունեն ու, որը իսպառ չունեն մեր իշխանությունները։
Կորոնավիրուսի հետ կապված իրենց վարքագիծը ամենավառն է արտահայտում քաղաքացու հանդեպ իրենց պատասխանատվության չափը։
Խնդրում եմ, եթե ձեր քարոզարշավը այդքան կարեւոր է, վարչապետի երեկվա կամ որեւէ ելույթ քաղաքներում ու գյուղերում մեծ էկրանի վրա ձայնով կամ առանց ձայնի պտտեք, բոլոր հեռուստաընկերություններով էլ ցույց տվեք։ Միեւնույն է՝ ռեպերտուարը նույնն է՝ «նախկին», «ռոբասերժական» ու էլի նման բաներ։
Կարեւորը մարդիկ կիմանան ինչ է ասում, բայց կլինեն անվտանգ։ Ի վերջո հաղթելու է ոչ թե «ՈՉ»-ը, այլ պարտվելու է «Այո»-ն։ Եթե իհարկե քաղաքացին որոշի, որ իր սեփական առողջությունը ավելի կարեւոր է քան էպոսը՝ վասն նախնյաց։ Եթե դուք պատասխանատու չեք ուզում լինել ու մարդկանց ասել ճիշտը՝ դրանով ավելացնելով խուճապը, ապա մարդիկ ստիպված կլինեն պատասխանատու լինել իրենց ու իրենց ընտանիքի համար։
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: