Վրաստանի տարածք մուտքի պայմանները խստացվում են ինչպես երկրի քաղաքացիների, այնպես էլ օտարերկրացիների համար: Այդ մասին վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է կառավարության նիստում:
Մարտի 12-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուս է հայտնաբերվել 24 մարդու, այդ թվում՝ 12-ամյա մի դեռահասի մոտ: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն չի բացառում, որ երկրում ախտահարվածների թվաքանակը կավելանա:
«Մեզ մոտ արդեն որոշակի սահմանափակումներ են դրված Չինաստանից, Հարավային Կորեայից, Իտալիայից մարդկանց մուտքի վրա: Այդ ռեժիմին ավելացվում են Գերմանիան, Ֆրանսիան, Ավստրիան եւ Իսպանիան: Դա նշանակում է, որ Վրաստանի բոլոր քաղաքացիները, որոնք հանրապետություն են վերադառնում այդ երկրներից, կենթարկվեն 14-օրյա կարանտինային ռեժիմի»,-հայտարարել է Գախարիան: Ինչ վերաբերում է օտարերկրյա քաղաքացիներին, ապա նրանք պարտավոր կլինեն սահմանին ներկայացնել բժշկական տեղեկանք, որ իրենց մոտ կորոնավիրուս չկա: Հակառակ դեպքում նրանք նույնպես կուղարկվեն կարանտին, հաղորդել է Sputnik-ը: