2019 թ. տարեմտին «Peeters» բելգիական հեղինակավոր հրատարակչության Hebrew University Armenian Studies մասնաճյուղը լույս ընծայեց անվանի գիտնական՝ հայագետ, խեթագետ, Լեյդենի համալսարանի հայագիտության պրոֆեսոր (1994-2009), «Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցութեան» (Association Internationale des Etudes Armeniennes) համահիմնադիր և նախագահ, հայ և հնդեվրոպական լեզվաբանության համաշխարհային մեծության գիտնական Յոս Վայտենբերգի հիշատակին նվիրված երկար սպասված ժողովածուն:
Ի սկզբանե այն նախատեսված էր որպես հոբելյանական «Տոնագիր» և Յոս Վայտենբերգին անգամ բախտ վիճակվեց տեսնել դրա նախնական՝ սևագիր տարբերակը, սակայն դրա հրատարակությունն այնքան ձգձգվեց, որ 2012 թ. հետո՝ երբ վախճանվեց սիրելի պրոֆեսորը, հատորը դարձավ «Հուշագիր»:Այս ժողովածուում հավաքված են Յ. Վայտենբերգի ընկերների, գործընկերների և նախկին ուսանողների քսաներեք ուսումնասիրություններ, որոնք արտացոլում են Յոս Վայտենբերգի գիտական հետաքրքրություններին առնչվող թեմաները, սկսած հնդեվրոպական ստուգաբանություններից, հայ բարբառագիտությունից և վերջացրած հայկական և հունական մշակույթների աղերսներին վերաբերող հետաքրքրական պատումներով, որոնք մեծապես նպաստում են հայ մշակույթի ավելի լայն տարածմանը և ճանաչմանը:
Ի շարս մյուս հեղինակների Մաշտոցյան #Մատենադարան/ից հոդվածով հանդես է եկել 5-14-րդ դարերի հայերեն բնագրերի ուսումնասիրման բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆ. Էռնա Մանեա Շիրինյանը “Vitae Homeri, Pseudo-Nonnos’ Commentary on Sermon 4 by Gregory of Nazianzus and the Armenian Book of Causes’’:
Յ. Վայտենբերգը մեծ ներդրում է ունեցել նաև բնագրերի քննական հրատարակությունների թվային պատրաստման գործում: Նրան հետաքրքրել են նաև ասորերեն տեքստերերը և դրանցից արված հայերեն թարգմանությունները: Վայտենբերգի ուշադրությունից չեն վրիպել նաև աստվածաբանությանը, մեկնողական գրականությանը, պարականոն գրականությանը վերաբերող հարցերը, որոնք ևս ներկայացված են սույն արժեքավոր և հոյակապ տպագրված հատորի մեջ: