Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ Փարիզի Ելիսեյան պալատում Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդին և նրա տիկնոջը դիմավորելիս ավանդական ձեռքսեղմումը փոխարինել է հնդկական ոճով ողջույնով, գրում է Reuters գործակալությունը:
Երկու երկրների առաջին դեմքերը, իրար տեսնելով, որպես ողջույնի նշան թեթևակի կռացել են, իսկ Բրիջիթ Մակրոնն իր հերթին Իսպանիայի թագուհուն օդային համբույր է ուղարկել:
Եվրոպական հանրային առողջապահության մարմինները նշում են, որ մարդիկ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով պետք է խուսափեն ձեռքսեղմումներից, քանի որ վարակը կարող է մաշկից մաշկ տարբերակով ևս փոխանցվել:
Reuters գործակալության վերջին տվյալների համաձայն՝ Իսպանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2124 դեպք, մինչդեռ Ֆրանսիայում կա 1784 վարակակիր:
Այսօրվա դրությամբ ամբողջ աշխարհում նոր տեսակի կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը շարունակում է աճել և արդեն հատել է 131 621-ի շեմը, մահվան դեպքերի քանակը 4940 է, առողջացել է ավելի քան 68 500 մարդ:
Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում: