Դպրոցների և համալսարանների փակման կտրուկ աճով պայմանավորված` կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է գլոբալ տեսակոնֆերանս բարձրագույն կրթության ոլորտի պատասխանատուների համար: Այս մասին հայտնեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
Տեսակոնֆերանսի նպատակը արտակարգ իրավիճակներում արագ արձագանքման ակտիվացումը և ամբողջ աշխարհում ուսումնական գործընթացի խանգարումները նվազագույնի հասցնելու ռազմավարությունների մշակման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումն է:
Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրապարակած տվյալների` ներկայիս ճգնաժամը վերաբերում է շուրջ 363 միլիոն սովորողի ամբողջ աշխարհում, այդ թվում՝ 57.8 միլիոն համալսարանականների, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների և դպրոցների միլիոնավոր աշակերտների:
Ասիայի, Եվրոպայի, Միջին Արևելքի և Հյուսիսային Ամերիկայի 15 երկրներում դպրոցները փակելու համապետական որոշում է կայացվել, իսկ 14 երկրներում իրականացրել են տեղայնացված փակումներ` ըստ տարածքների: