Էկվադորի նախագահը կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրություն է հայտարարել
Advertisement 1000 x 90

Էկվադորի նախագահը կորոնավիրուսի հետ կապված արտակարգ դրություն է հայտարարել

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն արտակարգ դրություն է հայտարարել՝ կապված կորոնավիրուսի տարածման սպառնալիքի հետ եւ երկրի քաղաքացիներին կոչ է արել առանց անհրաժեշտության տանից դուրս չգալ: Նա այսպիսի ուղերձով է հանդես եկել պետական հեռուստատեսության եթերով, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Արտակարգ իրավիճակները արտակարգ միջոցառումներ են պահանջում: Եվ այդ պատճառով ես արտակարգ դրություն եմ հայտարարում»,- հայտարարել է քաղաքական գործիչը: Նախագահի պարզաբանմամբ՝ նոր իրողությունների շրջանակում երեքշաբթիից երկրում աշխատանքը դադարեցնելու են բոլոր պետական ծառայությունները, բացի իրավապահներից, բժիշկներից եւ փրկարարներից:

Ընդ որում՝ բնականոն ռեժիմում կշարունակեն գործել ագրոհամալիրը, պարենային մատակարարման շղթաները, բժշկական ծառայությունները, կոմունալ տնտեսությունը, արտահանման ձեռնարկությունները: Սա չի անդրադառնա նաեւ բանկային ոլորտի եւ ֆինանսական ծառայությունների, ինչպես նաեւ տուն առաքող ծառայության վրա: «Արդյունաբերության մնացյալ բոլոր ոլորտները իրենց գործունեությունը պետք է դադարեցնեն»,- ամփոփել է նա: Դրանից բացի, մարտի 17-ից երկրում հայտարարվում է պարետային ժամ, որը գործելու է ժամը 21-ից մինչեւ առավոտյան 5-ը:

Երեքշաբթի կեսգիշերից դադարեցվելու է քաղաքների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը: Բացառություն կարվի միայն մասնավոր տրանսպորտի, սպասարկող ձեռնարկությունների համար, որոնց թույլատրվել է աշխատանքը շարունակել, ինչպես նաեւ բուժաշխատողների համար: Սահմանափակումներին հետեւելու են ոստիկանությունը, զինված ուժերը եւ տեղական իշխանությունների ներկայացուցիչները: Երկրի նախագահը էկվադորցիներին նաեւ կոչ է արել դրսեւորել քաղաքացիական աչալրջություն:

news.am



Նման նյութեր