Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիների մի մասը նախընտրել է կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխելու համար 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմն անցկացնել տվյալ երկրում։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Իտալիայում ՀՀ դեսպանության հետ կապ հաստատել շուրջ 150 քաղաքացի, բայց մարտի 15-ի հատուկ չվերթով ՀՀ վերադարձել 63-ը։
«Երբ Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիներին տեղեկացրել են, որ նրանք ՀՀ-ում պետք է անցնեն 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմ, քաղաքացիների մեծ մասը նախընտրել է չվերադառնալ Հայաստան: Եղել են դեպքեր, երբ քաղաքացիները նախընտրել են փնտրել հայրենիք վերադառնալու այլընտրանքային ուղիներ՝ 3-րդ երկրներով, բայց նրանք ևս Հայաստանում հայտնվելիս ենթարկվել են պարտադիր կարանտինային ռեժիմի, քանի որ դա վերաբերում է ելից երկրին, ոչ թե տարանցիկ երկրներին»,- նշեց Նաղդալյանը։