Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածմամբ պայմանավորված ՀՀ կառավարության որոշմամբ` շուրջ մեկ ամիս ժամկետով հանրապետությունում արտակարգ դրություն է սահմանված։
Այս իրավիճակում փորձել ենք տեղեկություն ստանալ շուկայում մսամթերքի առկա պաշարի և ներկա պահին գործարանների աշխատունակության մասին։ Ինչպես հավաստիացնում է տեղական արտադրողներից «Աթենք» ընկերության սեփականատեր Պետրոս Ադամյանը, ընկերությունը կարող է լիովին ապահովել մսամթերքի անհրաժեշտ քանակությունը։
«Մեր ընկերության գործարանները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը։ Ուզում եմ հավաստիացնել, որ թե՛ այս մեկ ամսվա ընթացքում և թե՛ դրանից հետո «Աթենք»-ը շարունակելու է իր նույն եռանդով աշխատանքը, որպեսզի մենք չունենանք մսամթերքի և կիսաֆաբրիկատների անհրաժեշտ քանակության պակաս՝ դեֆիցիտ։
Արտադրության ծավալները չեն նվազել, թարմ և որակյալ մսամթերքն ու կիսաֆաբրիկատները կանոնավոր կերպով մատակարարվում են Հայաստանում և Ստեփանակերտում գործող ֆիրմային խանութներ, սուպերմարկետներ ու առևտրի կետեր։ Մեր ամենօրյա մատակարարման կանոնավոր գրաֆիկով 120 մեքենա ուղևորվում է ամբողջ Հայաստանի շուրջ 4000 առևտրի կետեր։
Այս պահին գործում են «Աթենք» ընկերության թվով 11 ֆիրմային խանութ. 9-ը գտնվում են Երևան քաղաքի տարբեր շրջաններում, 1 խանութ՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, 1 խանութ Լեռնային Ղարաբաղում՝ Ստեփանակերտում:
«Աթենք» ընկերությունը նաև շարունակում է արտահանման բնականոն գործընթացը։ Ինչպես հայտնել էինք, հայկական արտադրության մսամթերքն արդեն ներկայացված է նաև ՀՀ սահմաններից դուրս։ Մասնավորապես՝ հարևան Վրաստանում բացվել է «Աթենք»-ի 2 ֆիրմային խանութ։ Այս ընթացքում մեր ընկերության կողմից առաջարկվող թարմ ու որակյալ մսամթերքը հասանելի է նաև այնտեղ։ Եվ, ասեմ, բավականին մեծ պահանջարկ ունի։
Մեր գործարաններում և ֆիրմային խանութներում սանիտարահիգիենիկ կանոնների խստորեն պահպանումը եղել է և կմնա մշտապես վերահսկվող և կայուն ձևով իրականացվող գործընթաց։ Սակայն նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ գործարանների ողջ տարածքում ախտահանումն իրականացվում է կրկնակի խիստ ռեժիմով․ պարբերաբար ախտահանվում է գործարանի ողջ տարածքը, աշխատակիցները, ինչպես միշտ, կրում են ձեռնոցներ և պաշտպանիչ դիմակներ:
Ախտահանվում են ինչպես մեր մեքենաները նախքան գործարան մտնելը, այնպես էլ ամեն բարձումից առաջ մեքենայի սառնարաններն ու սառցարանները, իսկ առաքիչները կրում են համապատասխան դիմակներ և ձեռնոցներ։
Ֆիրմային խանութները նույնպես ախտահանվում են․ խանութի տարածքը, մուտքի դռների բռնակները, սառնարանները պարբերաբար մաքրվում են ախտահանիչ նյութերով, կանոնավոր գործում է օդափոխության ռեժիմ։ Սպասարկող անձնակազմը բժշկական ձեռնոցներով և դիմակներով է, խանութների մուտքերի մոտ առկա են հակասեպտիկ նյութեր, որոնցից կարող են օգտվել քաղաքացիները խանութ մտնելուց առաջ։
Լինելով տեղական արտադրող` «Աթենք» ընկերության ողջ թիմը գիտակցում է, որ ստեղծված իրավիճակում զգոնություն ու հանդարտություն պահպանելը, բոլորիս միասնականությունն ու համախմբվածությունը կարևոր են։ Եվ մենք ամեն բան անելու ենք, որպեսզի երկրի համար այս կարևոր պահին մեր քաղաքացիներն ապահովված լինեն թարմ ու որակյալ մսամթերքով։ Ուստի կոչ եմ անում միասնական և պատվով հաղթահարենք դժվարությունները»։