Հրապարակի շատրվաններն ու ցայտաղբյուրը` կենդանի պատմություն
Advertisement 1000 x 90

Հրապարակի շատրվաններն ու ցայտաղբյուրը` կենդանի պատմություն

«Երեւան. XX դար» հատուկ նախագծում այսօր կրկին անդրադառնում ենք Հանրապետության հրապարակին: Արդեն պատմել ենք Լենինի արձանի մասին, ինչպես նաեւ` Հայաստանի գլխավոր տոնածառի մասին: Այսօր կպատմենք հրապարակի շատրվանների, հայտնի ցայտաղբյուրի, ինչպես նաեւ մի քանի տարի առաջ հրապարակի տակ հայտնաբերված շինությունների մասին:

Մարկ Գրիգորյան (BBC, hատուկ Մեդիամաքս-ի համար)`Թամանյանն ասում էր. «Դո՛ւ ստիպեցիր ինձ նվաստանալ տգետների առջեւ»

Հանրապետության հրապարակի ջրավազանի պատմությունը, հավանաբար, պետք է սկսել մի շատ կարեւոր գաղափարական վեճից, որը տեղի էր ունենում նախորդ դարի 20-ականների վերջին-30-ականների սկզբին:

Այդ վեճի դաշտը ճարտարապետությունն էր: Պետք է ասել, որ այդ տարիներին գաղափարական վեճերի առարկա էր դառնում հնարավոր ամեն բան, այդ թվում, բնականաբար, մշակույթը: Բանաստեղծները, գրողները, նկարիչները, քանդակագործները, կոմպոզիտորները եւ ճարտարապետները փորձում էին հասկանալ, թե ինչպես ավելի լավ կլինի արտահայտել, փոխանցել, ցույց տալ աշխատավոր դասի նոր էներգիան, որն իշխանության էր եկել դեռ միայն մեկ «առանձին վերցված» երկրում, բայց որը արագ ընթանում էր դեպի համաշխարհային հեղափոխության հաղթանակը: Եվ այդ բանավեճերում խաղադրույքը բավականին բարձր էր. հաղթողները ճանաչվում էին «իրական սոցիալիստական մշակույթի» արարիչներ:

Հայաստանում բախվեցին երկու հիմնական մոտեցումներ առ այն, թե ինչպիսի ճարտարապետությամբ երկիրը պետք է գնա դեպի ապագա, ինչպիսին են լինելու նրա էսթետիկան ու սիմվոլիկան:

Հետաքրքիրն այն է, որ երկու մոտեցումներն էլ գալիս էին Ռուսաստանից: Թամանյանը, ինչպես հայտնի է, Հայաստան էր եկել Պետերբուրգից, իսկ նրա էսթետիկ ու գաղափարական հակառակորդները՝ Մոսկվայից: Վերջիններս ներկայացնում էին հեղափոխական նոր հոսանք՝ կոնստրուկտիվիզմը:

Դրա տեսաբանները խոսում էին կյանքի համար տարածք ստեղծելու, ոչ թե այն զարդարելու անհրաժեշտության մասին: Իսկ թե շինություններն ինչպիսի տեսք կունենային, այնքան էլ էական չէր: Չէ, իհարկե կարեւոր էր, բայց դրանց տեսքը պետք է արտացոլեր շինության ներքին էությունը: Կառուցապատման նախագծերը պետք է լինեին ռացիոնալ, իսկ շինարարությունը՝ տիպականացված եւ ինդուստրիալացված:

Ամբողջությամբ՝ mediamax.am