Աշխարհով մեկ տարածված նոր տիպի կորոնավիրուսի համավարակը տնտեսության տարբեր ոլորտների վրա է ազդել։ Վարակի տարածումը կանխելու նպատակով տարբեր երկրներում փակվում են կրթական, մշակութային, ժամանցային կենտրոններ, ռեստորաններ ու սրճարաններ։ Այս իրավիճակը բավականին ցավոտ հարված է հասցրել նաև սեքս-ինդուստրիային։
Մարմնավաճառները ամսական հաստատված աշխատավարձ չեն ստանում, հետևաբար, նրանց եկամուտները կախված են աշխատանքից։
Չկա աշխատանք, չկա փող…
Այս իրավիճակում սեքս-ծառայություններ մատուցողները կամ ստիպված թողել են ոլորտը՝ կարևորելով իրենց առողջությունը, կամ ստիպում են հաճախորդներին սեանսից առաջ չափել ջերմությունը, տաք լոգանք ընդունել, ախտահանել ձեռքերը հատուկ նյութերով, կրել դիմակ. արգելում են ցանկացած ձևի համբույրները։ Մարմնավաճառների մի մասն էլ, հետևելով աշխարհի օրինակին, հեռավար աշխատանքի է անցել՝ զվարճացնելով հաճախորդներին օնլայն՝ տեսատարբերակով։ Նշվում է, որ այս տարբերակն առավել նախընտրում են 60-ից բարձր հաճախորդները, որոնք բոլորից շատ են վախենում և զգուշանում վարակից։
Եվրոպայում փակվել են բազմաթիվ հասարակաց տներ, իսկ եկամուտի բացակայությունը մարմնավաճառներին հնարավորություն չի տալիս ծառայությունները մատուցելու համար բնակարան կամ հյուրանոցի սենյակ վարձակալել։
Գերմանիայում մարմնավաճառությունն օրինականացվել է գրեթե քսան տարի առաջ, պաշտոնական տվյալներով՝ երկրում մոտ 200 հազար մարդ է աշխատում սեքս-ծառայությունների մատուցման ոլորտում։ Շտուտգարտում դեռ մարտի 13-ին փակվել էին քաղաքի բոլոր հասարակաց տները։ Նմանատիպ իրավիճակ է նաև մայրաքաղաք Բեռլինում։ Թեպետ այստեղ բոլոր հասարակաց տները չէ, որ փակվել են. նույնիսկ գործողներում հաճախորդներ չկան անգամ այն դեպքում, երբ հասարակաց տների աշխատակիցները ախտահանում են սենյակները, անկողինը, հաճախակի օդափոխում տարածքը, նույնիսկ ախտահանիչ նյութեր են առաջարկում։
Մարմնավաճառությունն օրինականացված է նաև Գերմանիայի հարևան Նիդեռլանդներում։ Կորոնավիրուսի տարածումը կանխելու համար Նիդեռլանդների կառավարությունը մարտի 15-ին որոշում է ընդունել առնվազն երեք շաբաթով դադարեցնել մշակութային, ժամանացային հաստատությունների գործունեությունը։ Այս որոշումը տարածվել է նաև Ամստերդամի հայտնի Կարմիր լապտերների փողոցում գործող տարաբնույթ սեքս-ծառայություններ, զվարճանք առաջարկող կենտրոնների վրա։
Արդյունքում ստացվել է, որ եկամուտ չկա, բայց հարկեր վճարել պետք է։ Աշխարհի ամենահին մասնագիտության ներկայացուցիչները որոշել են քրաուդֆանդինգ՝ դրամահավաք կազմակերպել՝ իրավիճակից առավել տուժած գործընկերներին նյութական աջակցություն ցուցաբերելու համար։ Մարտի 16-ին նախաձեռնության հեղինակներին հաջողվել է 4400 եվրո հավաքել առավել կարիքավորներին օգնելու համար։
Հավելենք, որ վերջին տվյալներով` ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 250 հազարը, համավարակի հետևանքով մահացել է 10 հազարից ավելի մարդ, իսկ լիովին ապաքինվածների թիվը գերազանցում է 89 հազարը։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 136-ի, նրանցից 1-ն արդեն առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցից։