Հայ-վրացական սահմանի Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար. մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր այդ երկրի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և կարանտինի պատճառով:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է:
«Հայտնում ենք, որ Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը դեպի Վրաստան ժամանակավորապես վրացական կողմից դադարեցվել էր Վրաստանի տարածքում բեռնատարների մեծաքանակ առկայության և նաև Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, որը Բագրատաշենի անցակետին հարող հատվածում դարձել է բեռնատարների մեծ կուտակման պատճառ։
Վրացական կողմի փոխանցմամբ, այսօր՝ մարտի 23-ին ժամը 21։00-ից սկսած Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։
Մառնեուլիի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլիի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլիի շրջանից դուրս)»։
Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է նաև վրացական կողմից դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։
Վրաստանում ՀՀ դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացների՝ Վրաստանից ելքն ապահովելու ուղղությամբ։