Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով անդրադարձել է նախարարությունում 10 մլն դրամի առերևույթ չարաշահումներին, որի վերաբերյալ Գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել:
Նախարարը նշեց, որ համակարգչային սարքավորումների ձեռքբերման համար հայտարարված է եղել մրցույթ: Մրցույթին մասնակցել է մի քանի ընկերություն, որոնցից մեկը հաղթել է. «Այդ հաղթողը մատակարարել է համակարգչային սարքավորումները: Որոշ ժամանակ անց պարզվել է, որ դրանք չեն համապատասխանում իրենց տեխնիակական բնութագրերին: Անմիջապես պատրաստվել է համապատասխան գրություն և ուղարկվել է Գլխավոր դատախազին»,-ասաց նախարարը հավելելով, որ հարուցվել է քրեական գործ:
Հակոբ Արշակյանը նկատեց դեռ կան անբարեխիղճ մատակարարներ, որոնք կարծում են, թե կարող են մատակարարել տեխնիկական առաջադրանքներին չհամապատասխանող ապրանքներ և դա անցնի գնա. «Մեր քաղաքական թիմը չի հանդուրժելու այսպիսի երևույթները: Հարցը վերաբերում է նաև ազնիվ տնտեսվարող սուբյեկտներին շուկայից դուրսմղման երևույթին: Ազնիվ տնտեսվարող սուբյեկտը և ոչ ազնիվ տնտեսվարող սուբյեկտը գալիս են և նույն մրցույթին են մասնակցում: Մեկը տալիս է շուկայական գին, նորմալ, բարձրորակ տեխնիկայի համար, իսկ մյուսը տալիս է ոչ այնքան նորմալ գին ավելի էժան գին: Եվ մտածում է մի բան կխաբեն, ընդունողն էլ չի հասկանա, կանցնի կգնա: Եվ ստացվում է նախ գումարի դիմաց պետությունը չի ստանում այն, ինչ նախատեսել էր և բացի այդ անազնիվ տնտեսվարող սուբյեկտը ստանում է առավելություն և գումար է աշխատում: Իսկ ազնիվ տնտեսվարողը փաստորեն պարտվում և տուժվում է»,-ասաց նախարարը` ընդգծելով, որ իրենք նմանատիպ դեպքերում վարվում են ամենակտրուկ և խիստ ձևերով: Հակոբ Արշակյանը հույս հայտնեց, որ ամբողջությամբ այս գործը կբացահայտվի: