Գործատուներն արտակարգ դրության ժամանակ վճարում են ըստ ցանկության. նոր նախագիծ է մշակվել
Advertisement 1000 x 90

Գործատուներն արտակարգ դրության ժամանակ վճարում են ըստ ցանկության. նոր նախագիծ է մշակվել

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն աշխատանքային օրենսգրքում մի շարք փոփոխություններ է նախատեսել, ըստ որի` կսահմանվի արտակարգ դրության ժամանակ գործատու–աշխատակից հարաբերությունները։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանն այսօր կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ հայտնեց, որ շուտով մշակած փոփոխությունները քննարկման կդնեն։

«Աշխատանքային օրենսգրքի 107 հոդվածը նախատեսում է, որ եթե ոչ աշխատողի մեղքով է պարապուրդ առաջացել, ապա գործատուն նրան այլ աշխատանքի տեղափոխելու իրավունք ունի: Իսկ եթե չի կարողանում աշխատողին այլ աշխատանքի տեղափոխել, ապա պարտավոր է վճարել ժամային նվազագույն աշխատավարձի չափով։ Մյուս կողմից, 186-րդ հոդվածի 6-րդ կետի մասի համաձայն` անհաղթահարելի ուժ համարվող պատճառներով առաջացած պարապուրդի համար աշխատակիցը չի վճարվում»,– ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` գործատուների մի մասն առաջնորդվում է Աշխատանքային օրենսգրքի մի հոդվածով` վճարելով իր աշխատողներին, մի մասն էլ ընդհանրապես չի վճարում` առաջնորդվելով մյուս հոդվածով։

Բացի այդ, ըստ Սարգսյանի, աշխատանքային օրենսգրքով հեռավար աշխատանքի համար կարգավորումներ չկան։ Փոփոխության համաձայն` հեռավար պետք է համարվի այն աշխատանքը, որն արտակարգ դրությամբ պայմանավորված այլևս հնարավոր չէ իրականացնել աշխատանքի վայրից։ Իսկ եթե միայն աշխատանքի վայրն է փոխվում, պետք է վարձատրությունը պահպանվի։

Բացի այդ, առաջարկվում է արտակարգ դրության ժամանակ, եթե աշխատակիցը ստիպված է փոխել աշխատանքի վայրը, ապա սա չպետք է համարվի աշխատանքի վայրի փոփոխություն։ Խնդիրն այն է, որ գործատուն պարտավոր է կանխավ զեկուցել աշխատանքի փոփոխության մասին, հակառակ դեպքում տույժի կենթարկվի։ Իսկ արտակարգ դրության ժամանակ շատ հաճախ ուղղակի ժամանակ չի լինում կանխավ զեկուցելու, ուստի առաջարկվում է փոփոխություն անել ու համարել, որ եթե արտակարգ դրության ժամանակ աշխատում են տնից, ապա դա չի համարվում աշխատանքի վայրի փոփոխություն։ Բացի այդ, գործատուն կկարողանա փոփոխել աշխատանքի ռեժիմն ու վայրը։

Եվս մեկ փոփոխություն է առաջարկվում, ըստ որի` գործատուն իր նախաձեռնությամբ չի կարողանալու աշխատանքից հանել աշխատակցին բացակայության կամ ուշանալու համար։ Եթե աշխատողը չի ներկայացել աշխատանքի կամ ներկայացել է ուշացումով, ապա վարձատրվում է փաստացի աշխատանքին համապատասխան։ Իսկ ուսումնական հաստատություններում բացակայություններն անհարկի չեն համարվի, ուստի և գործատուն այս դեպքում նույնպես չի կարող ազատել աշխատանքից։

Ինչ վերաբերում է արտաժամյա աշխատանքին, ապա արտակարգ դրության ժամանակ թույլատրելի կլինի 4 ժամի փոխարեն աշխատել 8 ժամ։

Հիշեցնենք, որ արտակարգ դրությունից ելնելով` սահմանափակումներ են մտցվել մի շարք կառույցների գործունեության մեջ։ Այսօրվանից չեն աշխատում սրճարաններն ու ռեստորանները, իսկ երեկվանից արդեն իսկ փակվել են զվարճանքի վայրերը։ Նշենք, որ սոցցանցերում քանիցս մի շարք աշխատակիցներ բողոքներ էին ներկայացնում, որ գործատուն ասում է` պարապուրդի համար չեն վճարվելու։

Հայաստանում մարտի 16-ին արտակարգ դրություն է հայտարարվել, որը կտևի մինչև ապրիլի 14-ը։

armeniasputnik.am