Որքա՞ն կտևի կորոնավիրուսային ճգնաժամը. Համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախագահը կիսվել է իր կարծիքով
Advertisement 1000 x 90

Որքա՞ն կտևի կորոնավիրուսային ճգնաժամը. Համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախագահը կիսվել է իր կարծիքով

Կորոնավիրուսի տարածման հետ կապված արտակարգ իրավիճակը կտևի առնվազն մինչև 2020 թվականի վերջ: DPA-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Համաշխարհային բժշկական ասոցիացիայի (WMA) նախագահ Ֆրենկ Ուլրիխ Մոնթգոմերին:

«Այս խնդիրը մեզ հաստատ կուղեկցի մինչև տարեվերջ»,- ասել է մասնագետը` հավելելով, որ քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չի մշակվել, մարդիկ ստիպված կլինեն վերակառուցել իրենց սոցիալական կյանքը և աշխատանքային գործունեությունը:

WMA-ի նախագահը նաև դրական գնահատական է տվել գերմանական իշխանությունների` սոցիալական շփումները սահմանափակելու մասին որոշմանը:

Հիշեցնենք, որ Համաշխարհային բժշկական ասոցիացիան միջազգային կազմակերպություն է, որը բժիշկների ավելի քան 100 ազգային միավորում է ներառում: Ասոցիացիան հիմնադրվել է 1947 թվականին և զբաղվում է բժշկական գործունեության մեջ բոլոր երկրների բժիշկների համար պարտադիր էթիկական ստանդարտների մշակումով:

Հիշեցնենք նաև, որ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 382 057 դեպք, առողջացել է 102 501 մարդ, գրանցվել է մահվան 16 568 դեպք:

med.news.am