Բրիտանական 71-ամյա գահաժառանգ արքայազն Չարլզի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը դրական է եղել: Այս մասին տեղեկացնում է СNN-ը:
Արաքայազն Չարլզն ինքնամեկուսացվել է Շոտլանդիայում: Թագաժառանգի գրասենյակի՝ «Քլարենս հաուս»-ի կողմից տարածված հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ նրա մոտ մեղմ ախտանշաններ են եղել, ինքնազգացողությունն, ընդհանուր առմամբ, լավ է, և վերջին մի քանի օրվա ընթացքում արքայազն Չարլզն աշխատել է տնից:
Դքսուհին նույնպես կորոնովիրուսի ախտորոշման թեստ է հանձնել: Սակայն նրա մոտ վիրուս չի հայտնաբերվել: Կառավարության և բժիշկների հորդորով արքայազն ու դքսուհին ինքնամեկուսացել են տանը` Շոտլանդիայում:
Նոր տիպի կորոնավիրուսը լայն տարածում է գտել աշխարհի շատ երկրներում, որոշներում արտակարգ դրություն է հայտարարվել: Միացյալ Թագավորությունում հաստատված դեպքերի թիվը անցել է 8 հազարը: