Մարտի 25-ին ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը, որի ընթացքում Ավինյանը չի բացառել՝ հնարավոր է քննարկվեն որոշ հավելյալ խստացումներ, որոնք կկիրառվեն մինչև մարտի 31-ը: Տեղեկությունը հայտնում է պարետատան մամուլի ծառայությունը։
Նա ընդգծել է, որ առաջիկա շաբաթվա ընթացքում հնարավորինս պետք է նվազեցնել մարդկանց տեղաշարժը։
«Մենք պետք է շարունակենք արդյունավետ կերպով կանխարգելել, գտնել այդ շղթաները և այդ շղթաներով կարողանալ վիրուսի հետքը մեր տեսադաշտում պահել, որպեսզի նաև կարողանանք արդյունավետ պայքարել դրա հետագա տարածման դեմ»,- ասել է նա:
Ավինյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ այսօրվանից բոլոր քաղաքացիները համարվում են ինքնամեկուսացված և հորդորել է խստագույնս պահպանել պարետատան սահմանափակումները։ Քաղաքացիները հնարավորություն կունենան տնից դուրս գալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում՝ այցելել աշխատանքի, եթե դա թույլատրված է, բանկեր, խանութներ, դեղատներ։
Նիստի մասնակիցները անդրադարձել են կիրառվող սահմանափակումների վերահսկողության մեխանիզմներին, մթերային խանութներում և սուպերմարկետներում կուտակումներից խուսափելուն վերաբերող հարցեր: