
Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Հակառակորդն առաջինն է կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով էլ մեկ վիրավոր ունենք։ Զինծառայողը թեթև վնասվածք է ստացել, կյանքին վտանգ չի սպառնում»,- մանրամասնեց Ստեփանյանը։
Նրա խոսքով, հակառակորդի թիրախավորված ոչ մի կրակոց անպատասխան չի մնում և հայկական զինված ուժերը պատասխան կրակի միջոցով լռեցրել են դրանք։
Ադրբեջանական կողմում զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան։
Ստեփանյանը ընդգծեց` խոսակցությունները, թե առաջինը հայկական կողմն է կրակ բացել, հակառակորդի տեղեկատվական հերթական սադրանքն է։ Այժմ իրավիճակը սահմանին հանգիստ է։
Նշենք, որ ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Տավուշի կողմից հայկական ԶՈՒ-ի սադրանքը կասեցվել է։