Ինչպես բազմաթիվ մշակութային հաստատություններ, այնպես էլ Հայաստանի ազգային պատկերասրահը հարկադիր արձակուրդի շրջանում գործունեություն է ծավալում առցանց հարթակում՝ արվեստասերներին ներկայացնելով հետաքրքիր ու բազմաբնույթ ծրագրեր:
Պատկերասրահը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում «Դալի և Պիկասո» ցուցահանդեսի շրջանակում ներկայացնելու է հեղինակների կյանքին ու գործունեությանը վերաբերող մանրամասներ, հանրամատչելի նյութեր ցուցադրված նմուշների ստեղծման մասին:
Հաջորդ տարի լրանում է Հայաստանի ազգային պատկերասրահի հիմնադրման 100-ամյակը: Այդ կապակցությամբ պատկերասրահի էջում ամեն օր զետեղվում են նյութեր, որոնք անդրադառնում են ՀԱՊ-ի շենքի հիմնադրմանը, ֆոնդերին, հավաքածուին, ինչպես նաև տարիների վաստակ ունեցող և ունեցած աշխատակիցներին: Հրապարակվում են արխիվում պահվող լուսանկարներ: Դրանց մի մասն առաջին անգամ է ներկայացվում հանրության լայն շրջանակի ուշադրությանը:
Այս նույն սկզբունքով արխիվից դուրս են բերվել և ցուցադրվում են հաղորդումներ, որոնք հանրայնացնում են թանգարանի մշտական հավաքածուն, ֆիլմեր, որոնք պատմում են այս կամ այն ժամանակաշրջանում ստեղծագործած անվանի արվեստագետների մասին: