Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել. «Կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով տարվող աշխատանքների առնչությամբ, տեղեկացնում ենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Առողջապահության նախարարության հետ համատեղ որոշել է շարունակել ընկերության անձնակազմի ինքնամեկուսացումն ընկերության մասնաշենքում, որը գտնվում է «Զվարթնոց» օդանավակայանի պահպանվող տարածքում: Կայացրած որոշումը պայմանավորված է ՀՀ կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման՝ ՀՀ օդային տարածքում թռիչքների անվտանգության, օդային երթևեկության հոսքերի կանոնավորության և աէրոնավիգացիոն ծառայությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությամբ:
Հաշվի առնելով կորոնավիրուսի վարակի/փոխանցման վերաբերյալ առկա ոչ հստակ տեղեկատվությունը, «Հայաէրոնավիգացիա» ՓԲ ընկերությունը ապահովել է օպերատիվ անձնակազմի համապատասխան պահուստայնության մակարդակ, ինչը նախատեսում է լրացուցիչ մարդկային ռեսուրսների օգտագործման հնարավորություն՝ բացառելու ՀՀ օդային տարածքի օգտագործման անցանկալի սահմանափակումներ մտցնելու պահանջը: Ավիաընկերությունների կողմից օդային փոխադրումների լայնածավալ սահմանափակումների պայմաններում լիարժեք աէրոնավիգացիոն ծառայությունների մատակարարումը կարող է իրականացվել ավելի փոքրաքանակ անձնակազմով: Ընկերության միջոցներով կազմակերպված է նաև կյանքի, աշխատանքի և հանգստի համար անհրաժեշտ բավարար պայմաններ»։