.Բարձրադիր և պաշտպանության համար հարմարավետ բլրի վրա տեղակայված Կոնդը Երևանի հնագույն թաղամասերից է և որպես բերդ-բնակավայր բնակեցված է եղել դեռևս վաղնջական ժամանակներից: Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» հայերեն նշանակում է երկարաձիգ կամ բոլորակ բլուր։ Պարսից տիրապետության ժամանակ թաղի անունը կոչվել է «Թափաբաշ», որը և Կոնդ բառի թարգմանությունն է։
Կոնդը տարածվում էր քաղաքի արևմտյան մասում, որի սահմանը Հրազդան գետն էր։ Հյուսիսային սահմանը Կոզեռն բլուրն էր` համանուն միջնադարյան գերեզմանատնով։ Կոնդից ներքև ընկած էր Ձորագյուղը՝ իր Վերին ու Ներքին թաղերով: Վարչականորեն այն Կոնդի բաղկացուցիչ մասն էր: Ձորագյուղի Վերին թաղը սկսվում էր Սուրբ Սարգիս եկեղեցու տարածքից և ձգվում մինչև ներկայիս Կառավարական ամառանոց՝ այստեղ էին տեղակայված Երևանի մեծահարուստ ազնվականների տները: Ներքին թաղը կամ Խնկելաձորը գտնվում էր Հրազդան գետի ձախակողմյան նեղ հովտում` զառիթափ լանջին։ Կոնդի բնակիչները հիմնականում կաշեգործ-արհեստավորներ են եղել:
Կոնդը նկարագրել և իր կողմից արված Երևանի պատկերում նշագծել է 17-րդ դարի ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենը, ով 1673-ին այցելել էր Արևելյան Հայաստան: Երևանին, ինչպես և Կոնդ թաղամասին, մեծ վնաս է հասցնում 1679-ի մեծ երկրաշարժը: Երկրաշարժից հետո վերականգնվում է Կոնդի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, իսկ 18-րդ դարի վերջում Կոնդում կառուցվում է նաեւ պարսկական մզկիթ (լուսանկարում, ներկայումս՝ քանդված):
Ռուբեն Շուխյանի հրապարակումը