Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսի հաստատված 58 դեպքերից 25-ն ի սկզբանե եղել են կարանտինում, հատուկ շփման վայրերում: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ շփման շրջանակ պրակտիկորեն չեն ունեցել, ինչը համաճարակաբանական տեսանկյունից շատ լավ է:
«31 անձինք, որոնց մեջ կա նաև բուժաշխատող, նորից այնպիսի անձինք են, որոնք ի սկզբանե կասկածելի գոտում են եղել: Այսինքն՝ շփված են եղել հաստատված դեպքի հետ: Եվ միայն երկուսն են, որ բերովի դեպքեր են արտերկրից, որոնց շփման շրջանակը պարզվում է»,- ասաց նախարարը՝ ավելացնելով, որ այս պահի դրությամբ ունենք 14 ծանր և մեկ ծայրահեղ ծանր պացիենտ:
«Չեմ ուզում առաջ ընկնել դեպքերից, բայց կարող եմ ասել, որ ծայրահեղ ծանրը կդառնա ծանր, այսինքն բարելավում ունենք: Հնարավոր է ինտուբացիան դադարեցնենք, արհեստական օդափոխության սարքն անջատենք, եւ ինքնուրույն կշնչի: Եվս երկու ծանր դեպք մտածում էինք, որ հնարավոր է կդառնան ծայրահեղ ծանր. մեր բժիշկների շնորհիվ կդադարեն համարվել ծանր եւ կտեղափոխվեն սովորական պալատ»,- ասաց նա:
Մարտի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 482 դեպք: Նրանցից 30-ն արդեն ապաքինվել են։ Երեք մարդ մահացել է։