Պատգամավորները քննարկում են կորոնավիրուսից մահացածներին չհերձելու հարցը
Advertisement 1000 x 90

Պատգամավորները քննարկում են կորոնավիրուսից մահացածներին չհերձելու հարցը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկում է կորոնավիրուսից մահացածներին չհերձելու վերաբերյալ օրենքի նախագիծը։

Կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը մարտի 30-ին խորհրդարանում ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը։

«ՀՀ–ում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները դեռևս չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված պահանջներին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության վերավարակելիության աստիճանը դեռևս ամբողջովին ուսումնասիրված և բացահայտված չէ, ինչպես նաև դիակի ներսում կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը դեռ պարզված չէ, կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ, անհրաժեշտություն է առաջացել այս հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում, ըստ բժշկական փաստաթղթերի` չիրականացնել հերձում` վարակի հետագա և մեծածավալ տարածումը կանխելու նպատակով»,- ասաց Ավանեսյանը։

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:

Հայաստանում մարտի 30-ին ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 482 է, վիրուսից մահացել է 3 անձ, ապաքինվել` 30 քաղաքացի:



Նման նյութեր