
Ռումինիայի զինվորականները 8 օրվա ընթացքում հիմնել են դաշտային հոսպիտալ: Այն գտնվում է Բուխարեստից ոչ հեռու: Ինչպես հաղորդում է «Euronews»-ը, նպատակը կորոնավիրուսով վարակվածներին աջակցություն ցուցաբերող պետական բուժհաստատությունների ծանրաբեռնվածությունը թեթևացնելն է:
«Մեր սպաների ու բուժաշխատողների կողմից կատարված աշխատանքը տպավորիչ է: Նրանք հոսպիտալ հիմնեցին 8 օրում: Այս ճգնաժամի ավարտից հետո մենք մանրամասն ստուգումներ կանցկացնենք հիվանդանոցներում և բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկենք, որպեսզի բուժհաստատությունները հագեցած լինեն համապատասխան բժշկական սարքավորումներով»- ասել է Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհաննիսը:
Ռումինիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը 1815 է, մահացածներինը՝ 43: Մարտի 16-ից երկրում գործում է արտակարգ դրության ռեժիմ: