Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԿՈՄՈՒՆԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարությունը մարտի 25-ին որոշում կայացրեց երկրում հայտարարել ֆորս-մաժոր․ ինչը նշանակում է՝ նաև կոմունալ ծառայությունների համար վճարումների հետաձգում։
Քանի որ ինքս մինչ այդ որոշումը մի քանի անգամ առաջարկով դիմել եմ ՀՀ կառավարությանը՝ կայացնել այդպիսի որոշում սոցիալապես խոցելի խմբերին աջակցելու համար, շատ մարդիկ հաճախ գրում կամ զանգում են՝ հարցնելով․ «Փաստորեն չե՞նք վճարելու փետրվար և մարտ ամիսների կոմունալ ծախսերի համար․․․»։
Հարգելի հայաստանցիներ, ՀՀ կառավարության որոշումը ընդառաջ քայլ է եղել սոցիալական խնդիրներ ունեցողներին՝ ժամանակավորապես հետաձգել սպառված գազի, էլեկտրաէներգիայի և խմելու ջրի վճարումները, բայց դա մարդկանց չի ազատում այդ վճարումներից, վաղ թե ուշ դրանք պետք է վճարվեն ամբողջությամբ։ Եթե ունեք հնարավորություն հիմա վճարելու, ապա ավելի լավ է չթողնել հետոյին, քանի որ դա կբերի 2 բացասական հետևանք․
1․ 2-3 ամսվա կոմունալ վճարումների կուտակումը ֆինանսական ծանր բեռ կլինի ձեզ վրա։
2․ ՀՀ-ում կոմունալ ծառայության մատակարար ընկերությունները (ՀԷՑ, Գազպրոմ Արմենիա, Վեոլիա ջուր ևն) պետբյուջե վճարում են ամենամսյա հարկեր, որոնք գոյանում են մեր վճարած վարձերից։ Եթե մենք, ունենալով փող, չենք անում մեր պարտավորությունը, նշված մատակարարներն էլ իրենց հերթին կդժվարանան վճարել հարկերը, ինչն էլ պետության համար դժվարություններ կստեղծի՝ հոգալու մեր սոցիալական կարիքները, ստացվում է փակ շղթա։
Գուցե հարց առաջանա, թե ինչու էի օրեր առաջ ես պայքարում կոմունալ վճարները ժամանակավորապես հետաձգելու համար, եթե այսօր պիտի կոչ անեմ վճարել դրանք։
Ես պնդել եմ և շարունակում եմ պնդել, որ այդ հնարավորությունը պետք է ստեղծվի օրավարձով և գործարքային աշխատողների համար, ովքեր հիմա հարկադիր պարապուրդի մեջ են և չեն ստանում աշխատավարձ, հետևաբար չունեն ֆինանսական հնարավորություններ։ Ինքս օրեր առաջ կատարել եմ իմ պարտավորությունները և վճարել սպառած գազի, ջրի և էլեկտրաէներգիայի դիմաց, նույնպես կվարվեմ նաև հաջորդ ամիս, քանի որ իմ ընտանիքն ստանում է կայուն աշխատավարձ։ Առաջարկում եմ, որ կայուն եկամուտ ունեցող մյուս հայաստանցիներն էլ անեն դա՝ հանուն մեր երկրի սոցիալական և ֆինանսական կայունության, նաև հանուն այն մարդկանց, ովքեր չունեն այդ փողը։ Ի վերջո, հենց ճգնաժամային իրավիճակներում է առաջ գալիս հանրային համերաշխության անհրաժեշտությունը»: