
ՀՀ կառավարության կայքից հեռացվել է պարետ Տիգրան Ավինյանի այն որոշումը, որով նախատեսվում էր արգելել դեպի Չարենցավան մարդկանց եւ տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը։
Տիգրան Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ այդ որոշումը չպետք է հրապարակվեր. «Տեխնիկական սխալի պատճառով է եղել, չպետք է հրապարակվեր։ Մենք պատրաստում ենք տարբեր սցենարներ, որ որոշակի զարգացումների դեպքում հնարավոր է՝ ինչ-որ մի տեղ փակվի։ Հիմա այն, ինչ դուք տեսել եք, նման հավանական զարգացման սցենարներից մեկի որոշում-տարբերակ էր, որը պատահաբար տեխնիկական սխալի պատճառով հրապարակվել է։ Այս պահին նման որոշում չկա»։
Դիտարկմանը՝ քաղաքացիներն արդեն մամուլում տեսել են, որ նման որոշում է եղել, Հունանյանն արձագանքեց. «Ժամը 16։00-ին փոխվարչապետի ասուլիս կա, կհայտարարվի այդ մասին»։