Բեռնատարի վորորդը, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, կարող է Վրաստան տեղափոխվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բաթում քաղաքի բնակիչը, որն աշխատում է իբրև բեռնափոխադրող, բեռնատարով Փոթիից Հայաստան է եկել, վարակված է կորոնավիրուսով։ Նա բուժվում է Հայաստանի հիվանդանոցներից մեկում։
«Վարորդի մոտ կորոնավիուսային վարակը ախտորոշել են սահմանին։ Թե՛ վարորդին, թե՛ մեքենան անմիջապես մեկուսացրել են։ Վարորդին տեղափոխել են բժշկական կենտրոն»,-ասաց Գևորգյանը։
Ընդ որում՝ չի նշվում, թե կոնկրետ որ հիվանդանոցում է նա գտնվում։ Գևորգյանը նշեց, որ վարորդը ազգությամբ վրացի է և Վրաստանի քաղաքացի։ Այս պահին քննարկվում է նրան Վրաստան տեղափոխելու հարցը։ Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։
Ապրիլի 1-ի տվյալներով` Հայաստանում վարակվածների թիվը կազմում է 571 մարդ, իսկ Վրաստանում՝ 115։
Նշենք, որ Հայաստանում և Վրաստանում կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու նպատակով գործում է արտակարգ դրություն։ Երկրների միջև ուղևորափոխադրումներն արգելված են, սակայն արգելքը բեռնափոխադրումներին չի վերաբերում։