Կառավարությունը կենտրոնանալու է նոր աշխատատեղերի ստեղծման վրա. ՀՀ վարչապետ
Advertisement 1000 x 90

Կառավարությունը կենտրոնանալու է նոր աշխատատեղերի ստեղծման վրա. ՀՀ վարչապետ

Կորոնավիրուսի պատճառով աշխատաշուկայում լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, և այդ համատեքստում կառավարությունը կենտրոնանալու է նոր աշխատատեղերի ստեղծման վրա: Այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ:

«Մեր պատկերացմամբ, առաջնային գործիքը կապիտալ ծախերի արդյունավետ իրականացումն է ու այդ ծախսերի ծավալների մեծացումը: Այսօր, ըստ էության կառավարության աշխատանքը բաժանվել է երկու հիմնական մասի: Առաջին մասը պարետատան գործունեությունն է, որի առաջ խնդիր է դրված վարակի հետագա տարածումը կանխել կամ վարակի տարածումը հսկողության տակ առնել, հաջորդը՝ օր առաջ պայմաններ ստեղծել, որ ավելի ու ավելի հիմնարկներ հնարավորություն ունենան աշխատելու, ավելի շատ տնտեսական գործունեության դաշտ բացվի, որը իր հերթին չբերի համաճարակային բռնկման: Բոլորս հասկանում ենք, որ դա բավական բարդ խնդիր է, և դա է պատճառը, որ կառավարությունը արտակարգ դրություն հայտարարեց»,-ասաց վարչապետ:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության գործունեության երկրորդ ուղղությունը, սոցիալական, տնտեսական աջակցության միջոցառումների ծրագրի մշակումն ու ընդունումն է, ինչպես նաև կապիտալ ծախսերի խթանումը:

«Դրա համար կոնկրետ ուղղություններով պատասխանատուներ կան: Նոր իրավիճակում կապիտալի ծախսերի արդյունավետ իրագործումը, դրանց ընդլայնումն առանձնահատուկ նշանակություն է ստանում: Կապիտալ ծախսի չկատարման ամեն տոկոսը կոնկրետ մարդիկ են, կոնկրետ ընտանիքներ, որոնք աշխատանք չունեն, աշխատավարձ չեն ստանում», – հավելել է վարչապետը:



Նման նյութեր