Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանցից ավելի քան 500-ը ըստ էության որևէ բուժում չի ստանում, որովհետև չունի նույնիսկ ջերմություն: Այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կապիտալ ծրագրերի իրականացման ընթացին վերաբերող խորհրդակցությանն իր խոսքում:
«Այս պահի դրությամբ մեր երկրում կա 770 դրական ախտորոշված դեպք, ունենք, ցավոք սրտի, 7 մահ, 43 մարդ առողջացել է: Եվ այս պահի դրությամբ 720 մարդ գտնվում է բուժման պրոցեսի մեջ՝ իհարկե այնքանով, որքանով այդ բուժումը կարելի է համարել այդպիսին, քանի որ մեծամասնությունը՝ ավելի քան 500 մարդ, ըստ էության որևէ բուժում չի ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունի: Բայց, այնուամենայնիվ, նրանք վարակակիրներ են եւ նրանց պետք է պահել նման պայմաններում, որպեսզի վարակի տարածումը կանխարգելվի»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետը նկատեց՝ ցավոք կորոնավիրուսի համավարակը տարածվում է ամբողջ աշխարհում: Այս պահի դրությամբ աշխարհում կա 1 մլն 119 հազար հաստատված դեպք, արձանագրվել է 59 հազար 245 մահ, 229 հազար 338 մարդ առողջացել է: