Կորոնավիրուսի համաճարակի հետեւանքները մեղմելուն նպատակաուղղված կառավարության 9 աջակցության ծրագրից 5-ն ամբողջովին սոցիալական ուղղվածություն ունեն։ Մնացած 4 ծրագրում նույնպես մեծ է սոցիալական բաղադրիչը, քանի որ վերջին հաշվով աջակցությունները հատկացվում են տնտեսավարողների գործունեության աջակցությանը, հետեւաբար՝ աշխատատեղերի պահպանմանը։
Օժանդակության 5 ծրագրում գործադիրը փորձել է ընդգրկել բոլոր խոցելի սոցիալական շերտերին։ Աջակցության չափերը սահմանվել են՝ հիմք ընդունելով միջին աշխատավարձերը եւ նվազագույն սպառողական զամբյուղը։ Միջոցառումների հիմնական առաջնահերթությունն այս փուլում հնարավորինս շատ մարդկանց օժանդակելն է։ Պետությունը փորձում է սահմանափակ ռեսուրսներն այնպես բաշխել, որպեսզի հնարավորություն ունենա ճգնաժամին դիմակայել այնքան ժամանակ, ինչքան կպահանջվի։
Աջակցության 4-րդ ծրագրով 100 հազար դրամ միանվագ նպաստ է տրամադրվելու այն ընտանիքների մինչեւ 14 տարեկան յուրաքանչյուր երեխայի, որի ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թ. մարտի 13–25-ն ընկած ժամանակահատվածում, կամ եթե ծնողներից մեկն է նույն այդ ժամանակահատվածում ազատվել աշխատանքից, իսկ մյուսը չի աշխատում։ Աջակցության այս գործիքից կարող են օգտվել նաեւ այն երեխաները, որոնց մի ծնողը մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից, իսկ մյուս ծնողը մահացած է կամ անհայտ կորած, ինչպես նաեւ մի ծնողի հետ ապրող երեխաները, որոնց խնամակալն այդ նույն ժամանակահատվածում ազատվել է աշխատանքից։
Այս գործիքից չեն ֆինանսավորվի այն անչափահասները, որոնց ծնողները մինչեւ աշխատանքից ազատվելը վերջին երկու ամսում ունեցել են միջինը 500 հազար դրամը գերազանցող աշխատավարձ կամ եթե մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելուց հետո միանգամից անցել են մեկ այլ աշխատանքի։ Այս օժանդակությունից օգտվելու համար քաղաքացին չի դիմելու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն։ Վերջինիս այդ տվյալները կփոխանցի պետական եկամուտների կոմիտեն։ Կոմիտեն աշխատանքից ազատված քաղաքացիների տվյալները վերցնելու է «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» տեղեկատվական բազայից։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ներկայում իրականացնում է իր մոտ եղած ցուցակների համադրում, որից հետո կիրականացվեն վճարումները։
Ըստ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքի, այս գործիքով նախատեսված միջոցները շահառուներին փոխանցվելու են անկանխիկ՝ պատահականության սկզբունքով ընտրված բանկերի միջոցով։ Բանկի եւ գումարի փոխանցման մասին քաղաքացիներին կտեղեկացվի էլեկտրոնային փոստով կամ հաշվառման հասցեին ուղարկվող նամակի միջոցով։ Եթե 3 ամսվա ընթացքում քաղաքացին չվերցնի գումարը, այն կվերադարձվի պետական բյուջե։
Կառավարությունը կաջակցի նաեւ այն քաղաքացիներին, որոնք 2020 թ. հունվարի 1-ից մինչեւ մարտի 13-ն աշխատել են մասնավոր հատվածի գործատուի մոտ եւ աշխատանքից ազատվել են մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում, եթե աշխատած ժամանակահատվածում կարճ՝ 3 օրը չգերազանցող ժամանակահատվածով քաղաքացին ազատվել ու կրկին անցել է աշխատանքի, նա նույնպես կօգտվի այս գործիքից, որը նախատեսում է միանվագ աջակցություն նվազագույն աշխատավարձի չափով՝ 68.000 դրամ, որը չի հարկվելու։ Կառավարության սահմանած այս աջակցությունից չեն կարող օգտվել այն քաղաքացիները, որոնք աշխատել են բանկերում, վարկային կազմակերպություններում, գրավատներում, ապահովագրական ընկերություններում, արտարժույթի փոխանակման կետերում, արժեթղթերի առք ու վաճառքով զբաղվող ընկերություններում, ներդրումային ֆոնդերում ու կազմակերպություններում, վիճակախաղերի եւ այլ շահումով խաղերի կազմակերպիչների մոտ։ Այս աջակցությունից չեն կարող օգտվել նաեւ այն քաղաքացիները, ում նախորդ աշխատավարձը վերջին երկու ամիսներին գերազանցել է 500 հազար դրամը, ով մարտի 30-ի դրությամբ համարվել է անհատ ձեռներեց, եւ նրա գործունեությունն օրենսդրությամբ սահմանված կարգով դադարեցված չի եղել, կամ նույն ժամանակահատվածում աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել այլ գործատուի հետ, կամ նույն գործատուի հետ, բացի ազատված աշխատանքից, այլ աշխատանքային հարաբերություններ է ունեցել։ Այս օժանդակությունից չեն կարող օգտվել նախորդ՝ չորրորդ աջակցությունից օգտված անձինք։
Կառավարության հաստատած աջակցության 7-րդ ծրագրով միանվագ 100 հազար դրամի աջակցություն է սահմանված այն հղի կանանց համար, ովքեր մարտի 30-ի դրությամբ չունեն աշխատանք եւ նրանց ամուսիններն ազատվել են աշխատանքից մարտի 13-30-ն ընկած ժամանակահատվածում։ Այս գործիքից կարող է օգտվել մարտի 30-ի դրությամբ աշխատանք չունեցող միայնակ հղի կինը։
Շահառուները պետք է սպասեն վերջին երկու սոցիալական ծրագրի իրականացման կարգի հաստատմանը։ Այդ ուղղությամբ տարվող աշխատանքները կավարտվեն այս շաբաթ եւ դրանք կհրապարակվեն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքում։ Վերջիններով հաստատված դիմելու ընթացակարգով էլ քաղաքացիները հնարավորություն կստանան հայտ ներկայացնելու եւ աջակցություն ստանալու։ Քաղաքացիները բոլոր սոցիալական ծրագրերից օգտվելու համար պետք է դիմումներ ներկայացնեն՝ բացի 4-րդ ծրագրից։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ