Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 1 միլիոն 288 հազար 080-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 70 հազարը: Ապաքինվել է ավելի քան 272 հազար մարդ:
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 336 հազար 906 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 9 հազար 600-ը: Անցնելով Իտալիային՝ վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Իսպանիայում, հաստատված դեպքերի թիվը կազմում է 135 հազար 032: Մեկ օրում 3 հազար 386 վարակվածության նոր դեպք է գրանցվել: Իսպանիայում մահերի ընդհանուր թիվը կազմում է 13 հազար 55:
Իտալիան վարակվածների թվով արդեն երրորդն է: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 128 հազար 948 է: Վարակից մահացել է 15 հազար 887 մարդ: Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Գերմանիան չորրորդ տեղում է. եվրոպական այդ երկրում 100 հազար 232 հաստատված դեպքեր կան: Մահերի թիվը կազմում է 1 590: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ վարակվածության դեպքերի ընդհանուր թիվը 92 հազար 839 է: Մահացության ցուցանիշը 8 հազար 078 է:
Ֆրանսիային հաջորդում է Չինաստանը՝ 81 հազար 708 ընդհանուր և ընդամենը 39 նոր դեպքերով։ Վարակի ծագման այս երկրում մահացել է 3 հազար 331 մարդ։ Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 60 հազար 500 է: Այստեղ մեկ օրում 2 հազարից ավելի նոր դեպք է գրանցվել: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 հազար 739: Մեծ Բրիտանիայում հաստատված դեպքերի թիվը 47 հազար 806 է, Թուրքիայում՝ 27 հազար 69 է, Շվեյցարիայում՝ 21 հազար 652։
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 188 դեպք կա, Ռուսաստանում` 6 հազար 343: ՌԴ-ում մահացել է 47 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 204-ը։
Հունաստանն առայժմ չի պատրաստվում մեղմել կիրառվող սահմանափակումները
Կորոնավիրուսի տարածման հետ կապված մյուս եվրոպական երկրների համեմատ Հունաստանում իրավիճակն ավելի լավ է: Չնայած դրան, կառավարությունն առայժմ չի պատրաստվում մեղմել կիրառվող սահմանափակումները և կրիտիկական առումով շատ կարևոր է համարում ապրիլ ամիսը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Հունաստանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը:
«Այս օրերին մենք մտնում ենք կրիտիկական փուլ: Մեր երկրի պաշտպանությունը մինչ այժմ ուժեղ է եղել, և դա ոչ միայն այն պատճառով, որ մենք գործում ենք ժամանակին և վճռական, այլ որ կա մեծաթիվ հույների մոբիլիզացիա: Մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում: Դրանից բացի, հազարավոր կամավորներ շտապում են իրենց աջակցությունը հայտնել առողջապահական համակարգին, և երկրում ծավալվում է նվիրատվության շարժում: Եթե մենք թուլանանք, ապա մենք կվճարենք դրա համար»,-նշել է Պետսասն՝ ավելացնելով, որ այդ իսկ պատճառով տեղաշարժի սահմանափակումների միջոցառումները երկարաձգվել են մինչև ապրիլի 27-ը:
Վարշավայում կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող կինը հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց
Վարշավայի ոստիկանությունը ստիպված է եղել միջամտել կորոնավիրուսով վարակված լինելու մեջ կասկածվող կնոջը տնից դուրս բերելու հարցում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ռեգնում» գործակալությունը տեղեկացնում է, որ քաղաքացին փակվել էր իր բնակարանում և չէր ցանկանում բժիշկների առաջ դուռը բացել: Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 5-ին, Վարշավայի բազմաբնակարան շենքերից մեկում: Դեպքի վայր են ժամանել ինչպես ոստիկաններ, այնպես էլ հրշեջ ծառայության աշխատակցներ: Նրանք հարկադրաբար բացել են բնակարանի դուռը և կնոջը տեղափոխել ինֆեկցիոն հիվանդանոց:
Տեղի ոստիկանությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ից սկսած ստիպված են եղել ավելի քան 860 անգամ միջոցներ ձեռնարկել օրինախախտների նկատմամբ, 646-ի դեպքում նշանակվել է տուգանք:
Զգուշավոր լավատեսություն. Նյու Յորքում վարակի տարածման դանդաղում են նկատում
Նյու Յորքում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացության նոր դեպքերի ցուցանիշի փոքր-ինչ նվազեցում է նկատվում: Դա հույս է տալիս ասելու, որ, կարծես, վարակի տարածումը սկսում է դանդաղել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Ամերիկային ձայն»-ի ռուսական ծառայությունը տեղեկացնում է, որ այդ մասին հայտարարել է Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն:
Չնայած լավատեսությանը՝ Կուոմոն ընդգծել է՝ վստահաբար դժվար է ասել, որ պանդեմիան հասել է իր պիկին: Նա ավելացրել է, որ մեկ օրվա ցուցանիշով ընդհանուր եզրահանգումներ անելը դեռ վաղ է, պետք է մի քանի օրվա տվյալներով իրավիճակային վերլուծություն անել:
Ապրիլի 5-ին նահանգի իշխանությունները տեղեկացրել էին, որ մահացության 218 նոր դեպք է գրանցվել, այնինչ՝ նախորդ օրերին այդ ցուցանիշը 387 էր, 305 էր: Նահանգում մահացության ընդհանուր ցուցանիշն ավելի քան 4 հազար 200 է:
Նշվել է, որ նվազել է նաև ինտենսիվ թերապիայի համար դիմելիության ակտիվությունը:
Զգուշավոր լավատեսություն հայտնելուն զուգահեռ, նահանգապետը հորդորել է բնակիչներին շարունակել լինել ուշադիր, պահպանել կարանտինի կանոնները: Նա տեղեկացրել է, որ հիվանդանոցները շարունակում են գերծանրաբեռնված մնալ և դեռ ունեն բժշկական պարագաների պակաս:
Լեհաստանը կողմ է ԵՄ-ում նոր հարկեր մտցնելուն
Եվրամիությունը պետք է մտցնի նոր հարկել բյուջեն լցնելու, կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին:
«Մենք պետք է վերադառնանք մեր նախկին գաղափարներին…թվային հարկ, CO2-ի արտանետումների հարկ, միջազգային խոշոր կազմակերպությունների համար հարկ»,- ասել է Լեհաստանի վարչապետը: Նա նշել է, որ նման մոտեցումը բյուջեին կտա տասնյակ միլիարդավոր եվրոյի չափով նոր միջոցներ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար:
Իսպանիայի իշխանություններն արձանագրում են համաճարակի աճի տեմպի դանդաղում
Իսպանիայում կորոնավիրուսի վարակվածության դեպքերի թիվն անցել է 130 հազարից, մահացածներինը՝ 12 հազարից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Euronews»-ը տեղեկացնում է, որ իշխանությունները, հիմնվելով առողջապահական վիճակագրության վրա, նշում են, որ կարանտինի արդյունքում նկատվում է վերակենդանացման բաժանմունքների թեթևացում և նոր վարակակիրների աճի տեմպի թուլացում, այդ թվում՝ ծանր հիվանդների պարագայում: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոր Իլյան:
«Դեռ երեք շաբաթ առաջ մեզ մոտ ամեն օր վարակվածության 22 տոկոս աճ է եղել: Մեկ շաբաթ առաջ այդ ցուցանիշը դարձել է 10 տոկոս: Այսօր այդ թիվը կրճատվել է՝ դառնալով 5 տոկոս: Մենք կարող ենք եզրակացնել, որ համաճարակի այս փուլը դանդաղում է»-նշել է նախարարը:
Նյու Յորքի կենդանաբանական այգու վագրի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Նյու Յորքի Բրոնքս վարչական շրջանի կենդանաբանական այգու վագրի մոտ կորոնավիրուս էհայտնաբերվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Deutsche Welle»-ն:
Նադյա անունով վագրի մոտ, որը 4 տարեկան է, հաստատվել է կորոնավիրուս: Տեղեկությունը տրամադրել է կենդանաբանական այգու ղեկավարությունը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ևս մեկ վագրի ու աֆրիկյան առյուծների մոտ նկատվում է չոր հազ: Այգու ղեկավարությունը ենթադրում է, որ վարակը փոխանցվել է աշխատակիցներից մեկից, ում մոտ այդ ընթացքում հիվանդության ախտանշանները բացակայել են: Նշվում է, որ կենդանիներն ակտիվ են, ակնկալվում է, որ կապաքինվեն:
«Deutsche Welle»-ն հավելում է, որ մարդուց կենդանուն վարակի փոխանցման դեպք գրանցվել էր Բելգիայում, երբ կատուն վարակվել էր իր տիրոջից: Հոնկոնգում նման դեպք գրանցվել էր շների հետ կապված:
Մեծ Բրիտանիայի վարչապետը հիվանդանոցում է
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ապրիլի 5-ին տեղափոխվել է հիվանդանոց ստուգման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է CNN-ը:
«Բժշկի խորհրդով վարչապետը տեղափոխվել է հիվանդանոց ստուգումների համար»,-ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ստուգումները կատարվում են որպես «նախազգուշական քայլ»՝ երկար տևող ախտանշաններով պայմանավորված:
55-ամյա Բորիս Ջոնսոնի մոտ կորոնավիրուսի առկայության մասին նշվել էր մարտի 27-ին, երբ թեստի արդյունքները դրական էին եղել: Նա «Թվիթեր»-ում տեղեկացրել էր, որ ունի հազ և ջերմություն:
Ապրիլի 5-ին տարածված պաշոտնական հաղորդագրության մեջ նշվում է, որ վարչապետի մոտ կորոնավիրուսի թեստավորումից 10 օր անց ախտանշանները շարունակվում են: