Գեղարքունիքի մարզի համայնքներում կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնահերթ աշխատանքների ցանկում է ախտահանիչ միջոցառումների անցկացումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչությունից, համայնքապետարաններին ցուցում է տրված՝ ախտահանիչ միջոցառումների ցանկում առանձնակի ուշադրություն դարձնել աղբավայրերի հողածածկման աշխատանքներին:
Ապրիլի 7-ի դրությամբ աղբավայրերի հողածածկման աշխատանքներ են իրականացվել Սեւան, Վարդենիս, Շողակաթ եւ Ճամբարակ համայնքներում: Ըստ Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից ստացված տեղեկության՝ «Սեւան համայնքի կոմունալ սպասարկում եւ բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցները, անկախ եղանակային պայմաններից, առանց հանգստյան օրերի, ախտահանման աշխատանքներ են կատարում քաղաքի փողոցներում, բազմաբնակարան շենքերում, դրանց հարակից տարածքներում:
Օրերս էլ մեծածավալ աշխատանք է կատարվել Չկալովկայի վարչական տարածքում գտնվող Սեւան համայնքի կողմից վարձակալված աղբավայրի տարածքում, որտեղ իրականացվել է հողաշերտով ծածկում: Շողակաթ խոշորացված համայնքի աշխատակազմից ստացված տեղեկատվության համաձայն՝ համայնքի Շողակաթ, Ջիլ, Դրախտիկ բնակավայրերի աղբավայրերը ծածկվել են հողով եւ ախտահանվել: «Մնացած համայնքներում եւս նախատապատրաստվում են աղբավայրերի հողածածկման աշխատանքներին, որոնց ընթացքին առայժմ խանգարում են եղանակային անբարենպաստ պայմանները: Եղանակների տաքանալուն պես, բոլոր համայնքներում կձեռնարկվեն սանիտարական մաքրման, գործող աղբավայրերի հողածածկման եւ մշակման աշխատանքներ»,-հավաստեց Գեղարքունիքի մարզպետարանի ՏԻ եւ ՀԳՄ հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը:
Խոսրով Խլղաթյան