Ուսումնասիրողներից յուրաքանչյուրը «Հայկական լեռնաշխարհ»-ը դիտարկել է տարբեր մոտեցումներով։ Արդյունքում ստացվել է իրարից տարբեր տարածքներ ընդգրկող մի շրջան: Հարկ է նշել, որ Լեռնաշխարհի տարածքի բազմաթիվ տեղանուններ սխալ են օգտագործված: 19-րդ դարում Հայաստանի արևելյան հատվածն անցավ Ռուսական կայսրության տիրապետության տակ և նոր թափ առան քարտեզագրական աշխատանքները։ Տեղագրական անունների մեծ մասը նշվեց օտար անուններով, առանց հաշվի առնելու հայկական պատմական տեղանունները:
Աշխարհագրական անուններ
Աշխարհագրական անունները տվյալ տարածքում ապրող բնիկների քաղաքակրթական կարևոր ժառանգություններից են։ Այդ իսկ պատճառով տարբեր ժամանակներում Հայաստանը զավթած կայսրությունները փորձել են փոխել, դուրս մղել հայկական տեղանունները, որոնք գալիս են հազարամյակների խորքից և որոնց հետ այդքան կապված է հայ ժողովուրդը։ Հայ պատմինչները նկարագրելով պատմական իրադարձությունները նշել են երկրների, վարչական միավորների, բնակավայրերի անունները, սակայն ֆիզիկաաշխարհագրական անունները երբեմն դուրս են մնացել պատմության էջերից և ժամանակի ընթացքում մոռացվել ու դարձել անանուն, իսկ հետագայում էլ անվանվել օտար անուններով։ Քարտեզագրական «պատերազմ» է հայտարարված նաև այսօր «Հայկական լեռնաշխարհ» աշխարհագրական տերմինին, որը ոչ թե քաղաքական, այլ աշխարհագրական տերմին է և ցույց է տալիս ֆիզիկաաշխարհագրական տարածք։
Պատմության ընթացքը, քաղաքական քարտեզի վրա, Հայաստանի հանրապետությանը բաժին հանեց ընդարձակ լեռնաշխարհի հյուսիսարևելյան մի փոքր հատվածը, սակայն Հայաստանի հարևանները մինչ օրս խուսափում են «Հայկական լեռնաշխարհ» եզրից։
Տարածված սխալներ
Հարկ եմ համարում անդրադառնալ մի քանի տարածված սխալների, որոնք քաղաքական ծագում ունեն և սխալմամբ օգտագործվում են որպես աշխարհագրական տերմին։ Դա տարածաշրջանին տրված Արևելյան Անատոլիա, և դրա հյուսիսարևելյան հատվածին տրված Հարավային Կովկաս, Անդրկովկաս կամ Փոքր Կովկաս անվանումներն են։ Վերջինս տարածվում է լեռնաշխարհի հյուսիսարևելյան լեռնաշղթաների վրա, որպես լեռնահամակարգի աշխարհագրական անուն։
Հայկական լեռնաշխարհը չի կազմում Անատոլիայի մաս։ «Արևելյան Անատոլիա» տերմինն ի հայտ եկավ փոխարինելու «Արևմտյան Հայաստան» եզրը, ինչը գիտական չէ։ Սա քաղաքական տերմին է, որով փորձ է արվել դուրս մղել «Հայկական լեռնաշխարհ» աշխարհագրական տերմինը ներկայիս Թուրքիայից։
Հայկական լեռնաշխարհ ոչ թե Արևելյան Անատոլիա
Մասնագիտական գրականության մեջ Անատոլիա անվանումն ավելի լայն իմաստով կիրառվում է միայն Փոքր Ասիայի կապակցությամբ։ Անատոլիա հունարեն նշանակում է Արևելք։ Քանի որ Փոքր Ասիան գտնվում է Հայկական լեռնաշխարհից արևմուտք, ուստի Անատոլիան (իր որևէ հատվածով՝ արևմտյան, կենտրոնական կամ արևելյան) անվան թե՛ գիտական և թե՛ ավելի լայն կիրառումը չի կարող լինել Փոքր Ասիայի սահմաններից դուրս, ուստի չի կարելի տարածել Հայկական լեռնաշխարհի արևմտյան կամ որևէ այլ մասի վրա։
Հայաստանը Կովկաս չէ
Հաջորդ սխալը, որը հաճախ կիրառվում է, դա Անդրկովկաս կամ Հարավային Կովկաս տերմինն է, որը հիմնականում տարածվում է Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան հատվածի վրա և կրում է քաղաքական բնույթ։ Ֆիզիկաաշխարհագրական տեսանկյունից Կովկասը միայն Կովկասյան լեռներն են իրենց լանջերով։ Հայաստանը Կովկաս չէ։ Սխալմամբ Հայաստանը ներառելով Կովկասի մեջ, նաև հայերին են դասում կովկասի ժողովուրդների շարքին, սակայն Հայկական լեռնաշխարհն ունի Կովկասից առանձին աշխարհագրական դիրք ու մշակույթ։ Հետևաբար հայերը չեն կարող դասվել կովկասյան ժողովուրդների շարքին։ Հայերը Հայկական լեռնաշխարհի բնիկներն են և մաս են կազմում հնդեվրոպական մշակութային աշխարհի։
Փոքր Կովկասը հնարած տերմին է
Եվս մի հնարված տերմին սկսվեց կիրառվել Ռուսական կայսրության քարտեզներում և այդ սխալը պահպանվում է մինչ օրս։ Դա Հայկական լեռնաշարհի հյուսիս-արևելյան լեռնաշղթաները Փոքր Կովկաս լեռնահամակարգում դասելն է։ Փոքր Կովկասը հնարած տերմին է, որը սկսվեց կիրառվել Ռուսական կայսրության քարտեզներում՝ Կովկասից հարավ ընկած լեռնաշղթաների վրա։
Պատրաստեց Տիգրան Վարագը
Ավելի մանրամասն՝ armgeo.am