ՀՀ կառավարության կողմից ապրիլի 3-ին ընդունվել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում, որի համաձայն արգելվում է սահմանային անցակետերով օտարերկրացիների մուտքը Հայաստան՝ անկախ ժամանման վայրից: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։
Փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսային վարակի աշխարհագրական տարածումն այլևս չի սահմանափակվում համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրներով և ներառում է աշխարհի գրեթե բոլոր երկրները (տարածքները)։
Ըստ վերոնշյալ որոշման` յուրաքանչյուր անձի, ով չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, ինչպես նաև չունի ՀՀ տարածքում օրինական հիմքով բնակվելու իրավունք, արգելվում է ՀՀ սահմանային անցակետերով մուտք գործել երկրի տարածք՝ արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում:
Բացառություն են կազմում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչները, հյուպատոսական հիմնարկների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև Պարետի որոշումներով մուտքի իրավունք ունեցող կամ նրա կողմից առանձնահատուկ դեպքերում թույլտվություն ստացած անձինք: