Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը չի վստահում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տված լիցենզիաներին. infocom.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը չի վստահում Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տված լիցենզիաներին. infocom.am

2020 թվականի ապրիլի 4-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տարածեց հայտարարություն այն մասին, որ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության և ԵՄ մասնագետները փետրվարի 3-7-ը աուդիտ են իրականացրել Քաղացիական ավիացիայի կոմիտեում և թվով երկու հայկական ավիաընկերությունում։

Նախ նշենք, որ խոսքը “Atlantis European Airways” և «Ավիակոմպանիա Արմենիա» ավիաընկերությունների մասին է։

Infocom-ի տրամադրության տակ է հայտնվել Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության՝ «Ավիակոմպանիա Արմենիա»-ի տնօրենին ուղարկած նամակը։ Ստորև ներկայացնում ենք որոշ թարգմանված հատվածներ։

Նամակում ասվում է, որ Եվրոպական հանձնաժողովի՝ փետրվարի 3-7-ը ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում (ՔԱԿ) անցկացրած մոնիթորինգի արդյունքում եկել են այն եզրակացության, որ Հայաստանը ներկայումս ի վիճակի չէ լիցենզավորել և վերահսկել իր օպերատորներին (ՀՀ-ում օդանավ շահագործողներին-հեղ․) և օդանավերին՝ միջազգային ստանդարտարտներին համապատասխան։ Որպես նշվածի հետևանք՝ ՀՀ ՔԱԿ-ը ներկայումս պատրաստվում է վերալիցենզավորել նախկինում իր կողմից լիցենզավորած բոլոր օպերատորներին։

Ըստ «Երրորդ երկրների օպերատորների մասին» կարգավորման 235-րդ հոդվածի` Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը միջոցներ է ձեռնարկում սահմանափակելու կամ կասեցնելու երրորդ երկրների օպերատորների թույլտվությունները, երբ կան ստուգելի ապացույցներ, որ օպերատորի պետությունը ընդունակ չէ լիցենզավորել և վերահսկել օպերատորին և/կամ օդանավին՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության ստանդարտներին համապատասխան։

Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ երրորդ երկրի օպերատորի՝ այս դեպքում «Ավիակոմպանիա Արմենիա»-ի թույլտվությունը կգործի միայն 2 դեպքում․

  • Օդային շտապօգնության թռիչքներ՝ հիվանդ կամ վնասված հիվանդներին առողջապահական հաստատությունների միջև տեղափոխման և/կամ հիվանդին բժշկական օգնություն ցուցաբերելու համար։
  • Չնախատեսված թռիչքներ՝  չնախատեսված, հրատապ նշանակության, որոնք իրականացվում են հանրային շահի համար (հումանիտար առաքելություններ կամ աղետների հետ կապված գործողություններ)։

«Ավիակոմպանիա Արմենիա»-ն, ըստ պահանջի, պետք է Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությանը և անդամ երկրների իրավասու մարմիններին ապացուցի, որ թռիչքներն իրականացնում են վերոնշյալ նպատակներով։

Վերոնշյալի մասին «Ավիակոմպանիա Արմենիա»-ն տեղեկացվել էր դեռևս սույն թվականի մարտի 12-ին և հնարավորություն էր տրվել, որպեսզի իր կարծիքը հայտնի մինչ սույն թվականի մարտի 19-ը։

Մարտի 18-ին «Ավիակոմպանիա Արմենիա»-ն հայտնել է իր աջակցությունը վերալիցենզավորման գործըթացին և իր պատրաստակամությունը՝ անցնելու Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալություն ավելի խիստ հսկողության։ Ավիաընկերությունը նաև տեղեկացրել է «Միջազգային օդային տրանսպորտի ասոցիացային» ներգրավվելու իր մտադրության և IOSA-ում գրանցվելու ցանկության մասին։

Սակայն Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը հայտնել է, որ ավիաընկերության նշածը չի վերաբերում այս իրավիճակին։ Գործակալությունը նշել է, որ ներկայումս չունի վստահություն ՀՀ ՔԱԿ-ի կողմից տրված լիցենզիայի նկատմամբ։ Այդ լիցենզիան է այն հիմքը որով «Ավիակոմպանիա Արմենիա»-ն տրվել է TCO (Երրորդ երկրի օպերատոր) լիցենզիա։

Ստորև կարող եք տեսնել նամակի բնօրինակը․

infocom.am