Վրացական «Մտավարի արխի» հեռուստաընկերության լրագրող Գեորգի Գաբունիան վիրավորել է հայերին: Ինչպես հաղորդում է «Վզգլյադ»-ը, նա պատմել է, որ վրացիների գենետիկ կոդը լավ է պայքարում կորոնավիրուսի դեմ, իսկ դրանից հետո ասել է, որ այդ առումով սպասում է հայ գիտնականների հայտարարություններին:
«Ինձ շատ հետաքրքիր է, թե ինչ գենետիկ խմբի են պատկանում մեր հարեւանները: Վստահ եմ, որ նրանց ԴՆԹ-ն ուժեղ է վրացականից եւ կոչնչացնի կորոնավիրուսը, եւ նրանց պետք չեն լինի պատվաստանյութ կամ դեղամիջոց»,- ասել է հաղորդավարը:
«Լրագրողական էթիկայի խարտիան» քննադատել է հաղորդավարին: «Վզգլյադ»-ի հետ զրույցում վրացի հայտնի վերլուծաբան Պետրե Մամրաձեն հայտարարել է, որ նման հայտարարություններով պետք է զբաղվեն իրավաբանները: «Գաբունիան առաջին անգամը չէ, որ պաթոլոգիկ հայտարարություններ է անում: Անցած տարի նա վիրավորեց Վրաստանի բոլոր նորմալ մարդկանց: Վրաստանի օրենքների համաձայն՝ դա գնահատվում է որպես ազգային թշնամության հրահրում»,- ասել է Մամրաձեն:
Փորձագետը համարում է, որ «հատկապես ներկայիս պայմաններում, երբ ե՛վ Վրաստանը, ե՛ւ Անդրկովկասում նրա հարեւաններն ապրում են այնքան բարդ ժամանակներ, ազգային արժանապատվությանն ուղղված այդօրինակ վիրավորանքները շատ վնասակար են»։ «Դա ոչ միայն անընդունելի է եւ անբարոյական, դա պետք է առաջացնի համապատասխան ադեկվատ արձագանք օրենքի խախտման վերաբերյալ»,-նշել է վերլուծաբանը։
Հիշեցնենք, որ 2019 թվականի հուլիսին «Ռուստավի 2» վրացական ալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան սկսել էր իր հաղորդումը Ռուսաստանի ղեկավարության հասցեին հայհոյանքով։
Այնուհետեւ «Ռուստավի 2»-ի նախկին գործադիր տնօրեն Նիկա Գվարամիան ուղիղ եթերում հայտարարել էր, որ պատրաստ է միզել գինու եւ բորժոմիի մեջ որպես վրեժ այն ընկերությունների նկատմամբ, որոնք վաճառում են ապրանքներ Ռուսաստանին։