Հայաստանում արտակարգ դրության պայմաններում, երբ գործում են ազատ տեղաշարժի սահմանափակումներ, էլեկտրոնային առևտրի շրջանառությունը գրեթե եռապատկվել է:
Այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով տարբեր հարթակներից ստացված տվյալները:
«Էլեկտրոնային առևտրի տարբեր հարթակների տվյալներ ենք ստանում: Գրեթե եռապատկվել է ամբողջ շրջանառությունը: Սա խոսում է այն մասին, որ մեկուսացման մեջ մեր օնլայն հարթակներ և օնլայն տեխնոլոգիաներ կիրառող առևտրականները կարողանում են կազմակերպել իրենց առևտուրը: Օնլայն դրամական միջոցների շրջանառությունը տարբեր հարթակներում տարբեր գնահատականներով բազմապատկվել է»,-ասաց նախարարը:
Արշակյանի կարծիքով, սա դրական տեղաշարժ է: Նա կարծում է, որ սա խթան է բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ անկանխիկ, օնլայն առևտրի զարգացման համար: Անկանխիկ առևտրի զարգացման մասին կառավարությունը դեռ ավելի վաղ է խոսել: