Ավագ հինգշաբթի
Սուրբ Գիրքն այսօր․
«Զատկի տօնից առաջ Յիսուս իմացաւ, որ հասել է իր ժամը, որպէսզի այս աշխարհից Հօր մօտ փոխադրուի. սիրեց իւրայիններին, որ այս աշխարհում են, իսպառ սիրեց նրանց:
Եւ ընթրիքի ժամանակ, երբ սատանան արդէն իսկ Սիմոնի որդի Իսկարիովտացի Յուդայի սրտի մէջ դրել էր, որ մատնի նրան, Յիսուս իմացաւ, որ Հայրը ամէն բան իր ձեռքն է յանձնել, եւ որ ինքը Աստծուց է ելել եւ Աստծոյ մօտ է գնում: Նա վեր կացաւ ընթրիքի սեղանից, մի կողմ դրեց զգեստները եւ մի սրբիչ վերցնելով՝ մէջքին կապեց: Եւ ապա ջուր վերցնելով՝ ածեց կոնքի մէջ եւ սկսեց իր աշակերտների ոտքերը լուանալ եւ սրբել մէջքին կապած սրբիչով:
Մօտեցաւ Սիմոն Պետրոսին, եւ սա ասաց նրան. «Տէ՛ր, դո՞ւ ես իմ ոտքերը լուանում»: Յիսուս պատասխանեց նրան ու ասաց. «Ինչ որ ես անում եմ, դու հիմա չես իմանում, բայց յետոյ կիմանաս»: Պետրոսը նրան ասաց. «Իմ ոտքերը յաւիտեան չես լուանայ»: Յիսուս պատասխանեց. «Եթէ քեզ չլուանամ, ինձ հետ մաս չունես»: Սիմոն Պետրոսն ասաց նրան. «Տէ՛ր, ոչ թէ միայն իմ ոտքերը, այլեւ իմ ձեռքերն ու իմ գլուխն էլ լուա՛»: Յիսուս նրան ասաց. «Լուացուածին ուրիշ բան պէտք չէ, բայց միայն՝ ոտքերը լուանալ, քանի որ ամբողջութեամբ մաքուր է. եւ դուք մաքուր էք, բայց ոչ՝ բոլորդ»: Քանի որ նա գիտէր նրան, ով իրեն մատնելու է, դրա համար ասաց. «Բոլորդ չէ, որ մաքուր էք»» (Աւետարան ըստ Յովհաննէսի 13.1-11):