Արտավազ Ե-ի նամակը պարսից շահին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արտավազ Ե-ի նամակը պարսից շահին

ԱՐՏԱՎԱԶԴ Ե-Ի ՆԱՄԱԿԸ ՊԱՐՍԻՑ ՇԱՀԻՆ

252-ին Շապուհ Ա-ն (Սասանյան պետության հիմնադիր Արտաշիր Ա-ի որդին ու հաջորդը) ներխուժում է Հայաստան եւ հայոց գահին հաստատում պարսկամետ նախարարներից մեկին՝ Արտավազդ Մանդակունուն (252-262)։ Հայոց գահին նա թվով հինգերորդ ու վերջին Արտավազդն է։ Կրել է «Թագավոր Հայոց մեծաց» տիտղոսը։ Արտավազդն ամենեւին էլ պարսից արքայի կամակատարը չէր։ Այդ մասին վկայում է նրա գրած նամակը Շապուհ Ա-ին, որը մեզ է հասել 3-րդ դարի լատին պատմիչ Տրեբելլիոս Պոլիոնի շնորհիվ («Կայսերականք»)։

ՀԱՅՈՑ ԱՐՏԱՎԱԶԴ ԹԱԳԱՎՈՐԻ ՆԱՄԱԿԸ ՇԱՊՈՒՀ Ա-ԻՆ

Արտավազդը՝ Հայոց արքան, ուղարկեց Շապուհին հետեւյալ նամակը․ «Համակիր եմ քո փառքին, բայց երկյուղ եմ կրում, որ դու ոչ այնքան հաղթել ես, որքան հրահրել մոլեգին կռիվը (Հռոմի կայսր Վալերիանոսը գնացել էր բանակցությունների, բայց Շապուհը նրան դավադրորեն ձերբակալել ու ցմահ բանտարկել էր – Ա․Զ․)։ Վալերիանոսին այժմ պահանջում են ազատ արձակել և՛ նրա որդին, և՛ թոռը, և՛ հռոմեական զորավարները, և՛ ամբողջ Գալլիան, ամբողջ Աֆրիկան, ամբողջ Իսպանիան, ամբողջ Իտալիան, ու նաեւ բոլոր ժողովուրդները, որոնք ապրում են Իլլիրիկումում, նաեւ Արեւելքում ու Պոնտոսում, և որոնք կողմնակից են հռոմեացիներին կամ նրանց հպատակ են։ Դու գերի վերցրիր միայն մի ծերունու, իսկ քեզ հետ (գուցե նաեւ մեզ հետ), խիստ թշնամացրիր երկրագնդի բոլոր ժողովուրդներին: Մենք, որ քո հարեւաններն ենք, միշտ ծանր դրության մեջ ենք ընկնում, երբ իրար հետ կռվում եք»։

ԼՈՒՍԱՆԿԱՐՈՒՄ՝ Պարսից բարձրաքանդակ, ուր պատկերված է ձի հեծած Շապուհ Ա Սասանյանը, իսկ նրա դիմաց Վալերիանոս կայսրն է՝ ծնկաչոք դիրքում։