Կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը:
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու քաղաքականության շրջանակում իրականացվող միջոցառումներին՝ նշել է, որ տեղորոշման համակարգն արդյունավետ է աշխատում և հնարավորություն է տալիս ավելի վերահսկելի դարձնել կորոնավիրուսի տարածման շղթաները:
Նա գործադիրի ղեկավարին ու կառավարության անդամներին տեղեկացրել է, որ ապրիլի 8-ին պարետատան նախաձեռնած հատուկ` Չինաստանից Հայաստան չվերթով առողջապահական համակարգը համալրվել է 120 հատ թոքերի արհեստական օդափոխման սարքերով, 2 թթվածնի մատակարարման կայանով, 60 հազար հատ թեստով, 60 հազար հատ բժշկական դիմակով, 280 հազար հատ պաշտպանիչ դիմակով, 20 հազար հատ պաշտպանիչ ակնոցներով, 100 հազար հատ պաշտպանիչ արտահագուստով և դեղամիջոցներով:
Ավինյանը հավելել է, որ առաջիկա օրերին համակարգը կհամալրվի ևս 100 հազար թեստերով։ Դա հնարավորություն կտա ընդլայնել թեստավորման շրջանակը և հզորությունները։ Բացի թեստերից սպասվում է նաև նոր սարքավորումներով և պաշտպանիչ միջոցներով համալրում: