Հայաստան ժամանող մարդկանց սահմանում չեն թեստավորում ոչ թե որովհետեւ թեստեր չկան, այլ որովհետեւ դա անիմաստ է։ Նման կարծիք արտահայտեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ։
Նրա խոսքով՝ սահմանին մարդկանց թեստավորելը բոլորովին անիմաստ է բժշկագիտական տեսանկյունից։ Խնդիրն այն է, որ նույնիսկ եթե սահմանին անցկացվի թեստ եւ դրա արդյունքները բացասական լինեն, դա երաշխիք չի լինի, որ նույն մարդու մոտ, օրինակ, 3 օրից չի լինի «հիվանդության դեբյուտ»։
Այդ իսկ պատճառով Հայաստան ժամանողները մեկուսացվում են կամ գնում են ինքնամեկուսացման 14 օրով, կամ, բեռնատարների վարորդների դեպքում՝ մինչեւ բեռի դուրս տանելը։
Նախարարի խոսքով, կա գաղափար սահմանը հատող մարդկանց արագ թեստերով հետազոտել։ Եթե արագ տեստը հաստատի կորոնավիրուսի առկայությունը, բեռնատարի վարորդը չի մտնի Հայաստան, եթե արտերկրի քաղաքացի է, կամ, եթե ՀՀ քաղաքացի է, միանգամից կմեկուսացվի եւ կրկին կթեստավորվի՝ արդեն ՊՇՌ մեթոդով, որի արդյունքնորը ավելի հուսալի են, քան արագ թեստերի արդյունքները։ Սակայն նույնիսկ եթե արագ թեստերի արդյուքները բացասական լինեն, քաղաքացիները ամեն դեպքում պետք է գնան ինքնամեկուսացման։
Նախարարը նշեց, որ վերջերս կորոնավիրուսի ախտորոշման 60 000 թեստ է գնվել՝ ՀՀ բյուջետային գումարներով, այսինքն այդ թեստերը երկրին նվեր չէին։
Արսեն Թորոսյանը նշեց նաեւ, որ ՊՇՌ մեթոդով արվող յուրաքանչյուր թեստ մոտ 5 ժամ է տեւում, եւ դրա վրա մոտ 5-6 հոգի է աշխատում։ Այս հետազոտությունները հնարավոր է իրականացնել միայն բարձր պատրաստվածության լաբորատորիաներում, որոնք Հայաստանում քիչ են՝ նախարարության ենթակայության տակ տնվող 6-ը եւ եւս 2 մասնավոր։ Բոլոր այլ լաբորատորիաները, նախարարի խոսքով, այս թեստի անցկացման համար անհրաժեշտ պահանջներին չեն համապատասխանում։
Նախարարի խոսքով՝ աշխարհում միջինում 48 ժամ է տեւում կորոնավիրուսի թեստ անցկացնելը՝ նմուշը վերցնելուց մինչեւ պատասխան ստանալը: Հայաստանում աշխատում են 24 ժամը չանցնել:
«Պետք է ասել, որ դա շատ բարդ է ու ճշգրիտ պրոցես պետք է լինի, որ հանկարծ սխալ պատասխան չտանք մարդուն՝ ոչ դրականին բացասական տանք, որ հետո տարածի վարակը, ոչ էլ բացասականին դրական, որովհետև վաղը նրան տանելու ենք հիվանդանոց իսկականից վարակենք, եթե բացասական լինի: Լուրջ եմ ասում, կատակ չեմ անում, այդպես շատ է լինում», – ասաց նախարարը: