Գյումրիում էլեկտրահարված և կլինիկական մահվան փուլում գտնված քաղաքացին երեկ դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։
«Ինչպես գիտեք քաղաքացին մեզ մոտ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում՝ կլինիկական մահվան փուլում, սրտամկանի վնասումով։ 3 օր արհեստական շչառության սարք է միացված եղել, հետո նոր անջատել ենք։ Մեր բժիշկների թիմային աշխատանքի շնորհիվ նա ապաքինվեց և տուն գնաց։ Իհարկե, մեր հսկողության տակ կլինի»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին Շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոն էին տեղափոխել էլեկտրահարված երկու տղամարդու։ Նրանցից մեկին տեղափոխել են ծանր վիճակում, գտնվել է կլինիկական մահվան փուլում, սակայն վերակենդանացրել են և արհեստական շնչառության սարք միացրել։ Մյուսի մոտ էլեկտրահարության հետքեր չեն եղել, սակայն գանգուղեղային փակ վնասվածք է ստացել, սալջարդ, վերք գլխի շրջանում։