BCG-ի պատվաստումը պաշտպանո՞ւմ է Covid-19-ից: ի՞նչ են ասում գիտնականները, ի՞նչ գիտենք մենք
Advertisement 1000 x 90

BCG-ի պատվաստումը պաշտպանո՞ւմ է Covid-19-ից: ի՞նչ են ասում գիտնականները, ի՞նչ գիտենք մենք

Մարտի վերջին, երբ Covid 19 համավարակը տարածվում էր ամբողջ աշխարհում, եւ հաստատված դեպքերի թիվը հաշվվում էր հարյուր հազարներով, շատերն ուշադրություն դարձրեցին կասկածելի զուգադիպության վրա…

Տարբեր երկրներում հիվանդությունը տարածվում է տարբեր տեմպերով։ Եվ չգիտես ինչու՝ կորոնավիրուսը, գոնե առաջին հայացքից, զգալիորեն պակաս ակտիվ է այն երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում, որտեղ երեխաներին պարտադիր պատվաստում են տուբերկուլյոզի դեմ BCG պատվաստանյութով։

Ի՞նչ է սա՝ պարզ զուգադիպությո՞ւն։ Թե՞ կա ինչ-որ օրինաչափություն։

Հաշվի առնելով համավարակի մասշտաբը եւ նոր վիրուսի հանդեպ վախը, որը շատերին մղում է ամբողջ աշխարհում աննախադեպ սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել, սոցցանցերում եւ գիտականին մոտ տարբեր կայքերում ակնթարթորեն սկսեցին հայտնվել ամենատարբեր վարկածներ։

Ինչ-որ մեկը լրջորեն կարծում է, որ 100 տարի առաջ տուբերկուլյոզի դեմ հայտնաբերված պատվաստանյութը միաժամանակ կարող է պաշտպանել կորոնավիրուսային վարակից, որի գոյության մասին դեռ դեկտեմբերին գիտնականները ոչինչ չգիտեին։

Մյուսները, ընդհակառակը, պնդում են, որ դա պատահական զուգադիպություն է, եւ որեւէ գիտական ապացույց չկա։

Մինչեւ փետրվարի կեսը, երբ գործնականում չուսումնասիրված հիվանդությունը մոլեգնում էր միայն Չինաստանում, թվում էր, թե նոր վիրուսը լայն մանգաղով անխտիր հնձում է բոլորին՝ նախապատվությունը հաճախ տալով տղամարդկանց։

Բայց երբ վիրուսը հասավ մոլորակի ամենահեռավոր անկյունները, ակնհայտ դարձավ, որ համաճարակը տարբեր երկրներում տարբեր զարգացումներ է ունենում։

Առանձին տեղերում, ասենք՝ Իտալիայում կամ ԱՄՆ-ում, վարակի հաստատված դեպքերը եւ մահվան դեպքերը շուտով սկսում են աճել ոչ թե օր առ օր, այլ ժամ առ ժամ։ Իսկ այլ տեղերում, օրինակ՝ Ճապոնիայում կամ Թաիլանդում, համաճարակը բավական դանդաղ է տարածվում, թեեւ առաջին հիվանդներն այնտեղ շատ ավելի վաղ էին հայտնաբերվել։

Դրա վրա ազդում են բազմաթիվ գործոններ. հսկայական դեր են կատարում բնակչության միջին տարիքը, մշակութային նորմերը, առողջապահական համակարգի վիճակը, նախկինում տարած համաճարակների փորձը եւ այլն։ Բացի այդ, համաճարակաբանության ընթացքի նկարագրությունը կոնկրետ երկրում կախված է նաեւ նրանից, թե ինչպես է կազմակերպվում թեստավորումը, ինչպես է վարվում վիճակագրությունը, տրամադրվում տեղեկատվությունը։

Այնուամենայնիվ, մի շարք գիտնականներ եւ վերլուծաբաններ ենթադրում էին, որ գոյություն ունի եւս մեկ գործոն՝ համավարակի զարգացման արագությունը եւ ծանրությունը տվյալ երկրում համեմատական են այն բանի հետ, թե արդյոք, այնտեղ երեխաները պարտադիր կերպով ստանո՞ւմ են BCG։

Այս տեսությունը հիմնականում հիմնված է կորոնավիրուսային վարակի վերաբերյալ հրապարակային վիճակագրության վրա։ Հետազոտություններում ներգրավված բժիշկներն ասում են, որ կոնկրետ մարդու մոտ BCG-ի առկայությունը նրան նոր վիրուսի հանդեպ հաստատ իմունիտետ չի տալիս։ Պատվաստված պացիենտներ կան թե Covid-19-ով ծանր հիվանդների, թե մահացածների թվում։

Միեւնույն ժամանակ չի կարելի բացառել, որ համավարակի ժամանակ պատվաստումները կարող են օգտակար լինել ազգային մասշտաբով. ամեն դեպքում՝ այս տեսության նախնական տվյալները չեն հակասում։

Այս ուղղությամբ առաջին մասնագիտացված ուսումնասիրությունը հրապարակվել է մարտի վերջին Նյու Յորքի մի խումբ գիտնականների կողմից։ Այն դեռ պաշտոնապես չի գնահատվել ոլորտում աշխատող այլ գիտնականների կողմից, բայց եւ այնպես հետազոտության հեղինակները հանդես են գալիս շատ համարձակ հայտարարությամբ։

«Մեր տվյալները հիմք են տալիս ենթադրելու, որ BCG-ի պատվաստումները զգալիորեն նվազեցնում են Covid-19-ի հետ կապված մահացության ցուցանիշը,- գրում են նրանք։- Մենք նաեւ բացահայտել ենք, որ այս կամ այն երկիրը որքան ավելի շուտ է սկսել BCG-ի պատվաստումները, այնքան ավելի շոշափելի են մահացության թվի անկումը յուրաքանչյուր մեկ միլիոն բնակչի հաշվով»։

Տեխասի համալսարանի համաճարակաբաններն ապրիլի սկզբին «The Economic Times»-ում ներկայացրել էին ավելի մեծ ծավալի հետազոտության արդյունքներ։ Ուսումնասիրելով 178 երկրի վիճակագրությունը՝ հանգել են նույն եզրակացության։ Նրանց հաշվարկներով տուբերկուլյոզի դեմ պարտադիր պատվաստում իրականացվող երկրներում մեկ շնչի հաշվով վարակվածների թիվը մոտ 10, իսկ Covid-19-ի զոհերի թիվը՝ 20 անգամ ավելի ցածր են, քան այն երկրներում, որտեղ BCG- ն այլեւս չի իրականացվում։

Ինչպիսի պատվաստանյութ է դա եւ առանձնահատուկ ի՞նչ կա դրանում։

Շարունակությունը՝ հաջորդիվ

Անահիտ ՀԱՅԹԱՅԱՆ

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ