Համաշխարհային կինեմատոգրաֆի տարվա (եթե ոչ վերջին տարիների) ամենամասշտաբային նախագծերից մեկը՝ Իլյա Խրժանովսկու «Դաու» աղմկահարույց ֆիլմը հնարավոր կլինի դիտել համացանցում այս տարվա ապրիլի կեսերին՝ հաղորդում է Polit.ru կայքը։
Ըստ նախագծի, հեղինակ և ռեժիսոր Խրժանովսկու՝ սկզբից VOD տարբերակով հասանելի կլինեն նախագծի երկու մասը՝ «Դեգեներացիա»–ն և «Նատաշա»–ն, որոնք փետրվարին ներկայացվել էին միջազգային կինոմամուլին և հանդիսատեսին Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում։ Դրանից մի քանի օր անց հասանելի կլինեն լայնածավալ նախագծի մյուս մասերը, սերիալները և տեքստերը՝ ամբողջ 700 (!) ժամանոց նկարված նյութը:
2019 թվականի սկիզբ Փարիզում հատուկ ցուցադրություն էր կազմակերպվել, որտեղ 24 ժամ շարունակ, անդադար ցուցադրվում էր նախագծի պայմանական, առաջին տարբերակը։ Ըստ ռեժիսորի՝ համացանցում կհայտնվեն այդ ցուցադրությունից հետո փոփոխության ենթարկված տարբերակները։
«Դաու»-ն (“Dau”) աննախադեպ մասշտաբի նախագիծ է։ Խորհրդային շրջանի ֆիզիկոս Լև Լանդաուի կյանքի և գործունեության մասին ֆիլմի աշխատանքները սկսվել են դեռ 2006-ին, իսկ նկարահանումները մեկնարկել 2008-ին և տևել մոտ 3 տարի։ Խարկով քաղաքում հատուկ կինոնախագծի համար կառուցվել էր յուրահատուկ զբոսայգի–պավիլիոն, իսկ դերասանները անդադար գտնվում էին նկարահանման հրապարակում՝ ամեն մեկը իր դերի մեջ, քանի որ Խրժանովսկին ամբողջական ընկղմվան կողմնակից է։