Հայաստանի Հանրապետությունից հայրենիք է տեղափոխվել Վրաստանի Հանրապետության ևս 167 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Հայաստանում Վրաստանի Հանրապետության դեսպանության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը։
«Վրաստանի Արտաքին Գործերի Նախարարության և հայկական կողմի աջակցությամբ` ապրիլի 13-ին իրականացվեց Վրաստանի 167 քաղաքացու` հայրենիք վերադարձը։ Արտակարգ դրություն հայտարարվելուց հետո Հայաստանից Վրաստան ենք տեղափոխել 576 քաղաքացու։ Վրաստանի դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանի իշխանությանը` աջակցության համար»,- նշված է հայտարարությունում։
Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ: