Չելյաբինսկի մարզի Չեբարկուլ քաղաքի բնակչուհին դատարանի կողմից տուգանվել է 30 հազար ռուբլիի չափով` սոցիալական ցանցերում կորոնավիրուսի մասին ոչ հավաստի տեղեկատվություն տեղադրելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության գլխավոր վարչությունը:
Ոստիկանության տվյալներով` Չեբարկուլի բնակչուհին «Վկոնտակտե» սոցիալական ցանցի չեբարկուլյան խմբերից մեկում մեկնաբանություն է տեղադրել` պնդելով, որ երկրի խոշոր քաղաքներ լրացուցիչ զորքեր են մտցվում` չնայած նա հաստատ գիտեր, որ դա այդպես չէ:
«Տեղի բնակչուհու մասով արձանագրություն է կազմվել վարչական իրավախախտման վերաբերյալ, որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 13.15-րդ հոդվածի 9-րդ կետով (զանգվածային տեղեկատվության ազատության չարաշահում): Վարչական իրավախախտման վերաբերյալ նյութերը փոխանցվել են Չեբարկուլի դատարան»,- նշվում է հաղորդագրության մեջ: Կինը տուգանվել է 30 հազար ռուբլիով, պարզաբանել են ոստիկանությունից:
Դատական նիստի ընթացքում կինն իրեն մեղավոր է ճանաչել` բացատրելով, որ խուճապի եւ հիստերիայի է տրվել համացանցում, նշվում է հաղորդագրության մեջ:
news.am