Կապանի օդանավակայանի վերագործարկումը հետաձգվում է. կորոնավիրուսը խախտել է բոլոր պլանները. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Կապանի օդանավակայանի վերագործարկումը հետաձգվում է. կորոնավիրուսը խախտել է բոլոր պլանները. armeniasputnik.am

2020 թ-ի գարնանը Կապանի օդանավակայանը պետք է Երևանից ընդուներ առաջին չվերթը, եթե չլիներ կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած ճգնաժամն ու արտակարգ դրությունը:

Լրագրողները ՀՀ քաղաքացիական ավիացիայի ղեկավարության հետ հեռավար ասուլիսում այսօր Քաղավիացիայի կոմիտեի փոխնախագահ Գալուստ Պողոսյանից հետաքրքրվեցին՝ երբ կյանքի կկոչվի խոստացված ծրագիրը:

«Ոչ ոք չի կարող նշել, թե երբ կգործարկվի Կապանի օդանավակայանը՝ հաշվի առնելով այս իրավիճակը, հաշվի առնելով շինարարությունը, հաշվի առնելով վերահսկողական, սերտիֆիկացման ֆունկցիաները և այլն»,- ասաց նա:

Պողոսյանը նաև նշեց, որ շինաշխատանքների մեծ մասն արդեն կատարված են ու հույս հայտնեց, որ հետագայում ոչինչ չի խանգարի օդանավակայանի վերագործարկմանը:

Ինչ վերաբերում է Ստեփանավանի օդանավակայանի վերագործարկման հնարավորությանը, Պողոսյանը նշեց, որ դա շատ լուրջ գնահատման աշխատանքներ պահանջող գործընթաց է: Նախ պետք է հասկանալ՝ արդյո՞ք այդ օդանավակայանի պահանջարկը կա:

«Իհարկե, մենք պատրաստ ենք յուրաքանչյուր քննարկման: Մեր կողմից մշտապես ուշադրության տակ են պահվում ԽՍՀՄ տարիներին գործած օդանավակայանները: Դրանք մեր ուսումնասիրության տակ մշտապես կան»,- ասաց նա:

Բայց որ փոքր ավիացիայի զարգացման միտում կա, Քաղավիացիայի կոմիտեի փոխնախագահը չի հերքում, ինչի մասին, ըստ նրա, վկայում է վերջին 2 տարիների ընթացքում փոքր ինքնաթիռների և ուղղաթիռների գրանցումների գործընթացը:

Հիշեցնենք` Կապանի՝ խորհրդային տարիներին կառուցված օդանավակայանի վերականգնման աշխատանքները մեկնարկել էին 2017–ին, նախագիծը ֆինանսավորող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ոչ արտադրական շինարարության դեպարտամենտի ղեկավար Աշոտ Այվազյանը Sputnik Արմենիային ավելի վաղ հայտնել էր, որ աշխատանքները գրեթե ավարտված են. նավիգացիոն սարքավորումներն արդեն ձեռք էին բերվել, մասամբ` առաքվել: Թռիչքուղու վրա մնում էր միայն ազդանշանային լույսեր տեղադրել:

Նոր օդանավակայանն ունենալու էր շուրջ 2 կիլոմետր երկարություն և 40 մետր լայնություն, ինչի շնորհիվ այնտեղ միաժամանակ կկարողանային վայրէջք կատարել երկու ինքնաթիռ և մեկ ուղղաթիռ։ Կապանի վերագործարկված օդանավակայանը հաշվարկված է մեկ ժամում մինչև 100 ուղևոր ընդունելու կարողությամբ։ Արդեն ձեռք էր բերվել նաև 19-տեղանոց մեկ ինքնաթիռ, որն այժմ պահվում է Երևանի անգարում։

Ավտոմեքենայով Կապանից Երևան հասնելու համար 5-6 ժամ է պահանջվում: Խորհրդային տարիներին այստեղ օդանավակայան և երկաթուղի էր կառուցվում: 90-ականների սկզբից Ադրբեջանը սկսեց օդանավակայանը, ինչպես նաև Կապան քաղաքը գնդակոծության ենթարկել: 2017-ին, երբ այստեղ սկսվեցին հիմնանորոգման աշխատանքները, թռիչքուղու վրա չպայթած ռումբ հայտնաբերեցին:

Ինչ վերաբերում է Ստեփանավանի օդանավակայանին, այն ներկայում շատ ավելի անմխիթար վիճակում է, ու դրա վերագործարկման հստակ ծրագիր գոյություն չունի:

armeniasputnik.am