Գեղարքունիքի մարզի բնակչի մոտ կորոնավիրուսի կասկածը հերքվել է․ անցկացված երրորդ թեստավորման պատասխանը բացասական է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։ Ապրիլի 13-ին բնակչի մոտ կրկնակի թեստ էր արվել և անհրաժեշտություն էր առաջացել նրան երրորդ անգամ հետազոտելու։
«Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն բացասական է։ Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների։ Շնորհակալություն եմ հայտնում Առողջապահության համակարգի մեր գործընկերներին, այս դեպքում հատկապես Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բոլոր բուժաշխատողներին, ովքեր այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված, անձնվիրաբար պայքարում յուրաքանչյուր հիվանդի առողջության և կյանքի համար ու ցուցաբերում մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ։ Շարունակում եմ հորդորել խստորեն հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները, տանից դուրս գալ խիստ կարիքի պարագայում»,- նշել է Սանոսյանը։