Հայաստանի առաջին մահմեդական համայնքը կազմավորեց Շայբան ցեղը, որը 640 թ. արաբական առաջին արշավանքի ժամանակ հաստատվեց Աղձնիք նահանգում: Շայբանը պատկանում էր արաբական ցեղերի հյուսիսային խմբի Ռաբիա ենթախմբի մեջ մտնող Բաքըր մեծ ցեղախմբին, ուստի նրա տիրապետության տակ ընկած հայոց երկրամասը կոչվեց Դիար Բաքր, այսինքն Բաքրի երկիր կամ տուն: Կենտրոնը Ամիդ քաղաքն էր, որի չորս դարպասներից մեկը կոչվում էր Հայոց դուռ (Բաբ ալ-Արման): Աբբասյանների ժամանակ այս ցեղից մի քանի ամիրաներ վարում էին Արմինիայի ոստիկանի պաշտոնը։
Բյուզանդիայի դեմ սահմանային գոտի ստեղծելու, հայ նախարարական տները թուլացնելու եւ երկիրը հնազանդ պահելու համար՝ 8-րդ դարում Արմինիայի ոստիկանները Տուրուբերան գաղթեցրին Սուլայմ ցեղի (Կայս մեծ ցեղից) ռազմիկ արաբներին՝ կայսիկներին, ստեղծելով Կայսիկների ամիրայությունը (Հարքում ու Ապահունիքում)։ Տուրուբերանի Աղիովիտ գավառում ստեղծվեց Ութմանիկների, Բաղեշում՝ Զուբարիկների ամիրայությունը։
Հայաստանի տարբեր գավառներում թափառում էին Ջահհաֆյանները, որոնց տան հիմնադիր Ջահհաֆն ամուսնացել էր Արձնիի ճակատամարտում զոհված (775 թ.) Մուշեղ Մամիկոնյանի դստեր հետ և հանդես գալով որպես Մամիկոնյանների ժառանգորդ՝ ձգտում էր տիրել Տարոնին ու Տայքին: Հայոց իշխան Աշոտ Մսակերից պարտություն կրելով՝ նա չկարողացավ հաստատվել Հայաստանի որևէ գավառում: Ջահհաֆի որդուն (Աբդ ալ-Մալիք) հաջողվեց գրվել Դվինը, սակայն քաղաքում դիրքերն ամրապնդել չկարողացավ եւ այստեղ էլ սպանվեց:
Բուղայի արշավանքի ժամանակ (852-855թթ.) Հայաստան եկան արաբների նորանոր ցեղեր, իսկ հներն ամրապնդեցին իրենց դիրքերը։ Ատրպատականի Սաջյան ամիրաների օգնությամբ Դվինում, ավելի ուշ՝ Գողթնում կազմավորվեցին մահմեդական նոր ամիրայություններ։ Աշոտ Ա Բագրատունու իշխանության ու թագավորության տարիներին նրան ենթակա էին կայսիկները, ութմանիկներն ու Կարինի ամիրայությունը։ Ժամանակավորապես նրա սյուզերենությունը ճանաչեցին նաեւ Հերի ամիրան ու Արզնի (Խարզան) Զուրարիկները:
Արաբական ամիրայությունները Բագրատունյաց թագավորության միասնականության քայքայման պատճառ դարձան: Նրանք մեծ վնաս հասցրին Հարավային Հայաստանի քաղաքների ու առևտրի զարգացմանը։ Մահմեդական այս իշխանություններին հաջորդեցին քրդական ու սելջուկյան ամիրայությունները։ Սելջուկյան արշավանքների ժամանակ Հայաստանում կար մեծաթիվ արաբ բնակչություն:
Արշալույս Զուրաբյանի ֆեյսբուքյան էջից: