Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 5-րդ միջոցառման շրջանակում արդեն 7500 շահառու ստացել է համապատասխան ֆինանսական միջոցները։
Այս մասին մամուլի ասուլիսին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը։
«5-րդ միջոցառման նպատակն է պետությունից անհատույց դրամական օժանդակություն տրամադրել 2-50 աշխատակից ունեցող տնտեսավարողներին՝ աշխատավարձի ֆոնդի մոտ 16-50 տոկոսի չափով։ Մենք շարունակում ենք ուսումնասիրել՝ բացահայտելու այն ոլորտները, որոնք լրացուցիչ հարվածներ են կրում կորոնավիրուսի տնտեսական շոկերի արդյունքում»,- նշեց Ավանեսյանը։
Կառավարության հաստատած 5-րդ ծրագրով դրամաշնորհ կարող են ստանալ բոլոր այն տնտեսավարողները, որոնք 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի ապրիլի 1-ն անընդհատ ունեցել են 2-50 վարձու աշխատակից, և նրանց վճարված աշխատավարձի փաստացի ֆոնդը չի նվազել նշված ժամանակահատվածում։ Դրամաշնորհը հասանելի է ապրիլի 1-ից։
Դրամաշնորհի չափը կազմելու է մոտավորապես ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 16-50 տոկոսը։ Մասնավորապես, մինչև 5 աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում տնտեսավարողին տրամադրվող աջակցության չափը որոշելու համար մեկ ամսվա աշխատավարձի ֆոնդը բաժանվում է աշխատակիցների թվին։ 5 և ավել աշխատակից ունեցող տնտեսավարողների պարագայում աջակցության չափը հաշվարկվում է ընկերության ամսական միջին աշխատավարձի չափը բազմապատկելով աշխատակիցների ընդհանուր թվի մեկ հինգերորդ մասով։