Դանիան Եվրոпայում առաջին երկիրն է, որը սահամանափակումներ մտցնելուց հետո բացում է դպրոցներն ու մանկապարտեզները:
Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում կատարելով«Agence France-Presse»-ին: Նշվում է, որ ապրիլի 15-ից բացվում են մանկապարտեզները և մինչև 5-րդ դասարանի համար նախատեսված դպրոցները, սակայն ոչ բոլոր հաստատություններն են դրան պատրաստ:
Մայրաքաղաք Կոպենհագենում աշխատանքը վերսկսել է հաստատությունների 35 տոկոսը, իսկ ընդհանուր երկրում պարապմունքները սկսել են 98 կոմունաների կեսում: Մնացածները խնդրել են ժամանակ, որպեսզի հարմարվեն սանիտարական նորմերին: Մասնավորապես, դպրոցները պարտավոր են ապահովել դասասեղանների միջև երկու մետր հեռավորություն և ստեղծել հանգստի կազմակերպման հնարավորություն փոքր տարիքի երեխաների խմբերում: Սպասվում է, որ երկրում բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները կբացվեն ապրիլի 20-ին:
Դանիայում շատ ծնողներ համաձայն չեն դպրոցները բացելու կառավարության որոշման հետ: Ոմանք նշում են, որ չեն պատրաստվում իրենց երեխաներին ուղարկել դպրոց:
Դանիայում կորոնավիրուսով վարակվածության 6 հազարից ավելի դեպք կա գրանցված: Մահացել է շուրջ 300 մարդ: